Կիրակի օրը Խորվաթիայում անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ արձանագրել առաջին իսկ փուլում: Հունվարի 5-ին կայանալիք երկրորդ փուլում միմյանց դեմ են մրցելու գործող նախագահ, աջ ուժերի աջակցությունը վայելող Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Զորան Միլանովիչը: Գործող նախագահի օգտին քվեարկել է խորվաթ ընտրողների մոտ 26, իսկ ընդդիմության թեկնածուի օգտին՝ շուրջ 30 տոկոսը:
Խորվաթ սոցիալ-դեմոկրատների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր կլինի հաջողության հասնել նախևառաջ քվեարկողների մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու դեպքում:
«Առաջիկա երկու շաբաթներին ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Խորվաթիայի շահերը գնահատող ցանկացած քաղաքացի գնա տեղամաս և մասնակցի քվեարկությանը», - հայտարարում էր Միլանովիչը: