Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ՏՈՐ-Մ2ԿՄ գերժամանակակից ՀՕՊ համակարգերով


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով, այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է», - նշում է պետության ղեկավարը:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդեց, որ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել Զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները: «Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման մեքենաները և այլ համակարգեր», - ասված է հաղորդագրությունում:

Վարչապետը կարևորել է Զինված ուժերը նորագույն տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ դրանք կրելու են հետևողական և շարունակական բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG