Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ամանորյա նվեր համարեց կառավարության կողմից հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղի ուղեկալը բացելու ծրագիրը: Դեպի Անի տանող ամենամոտ գյուղ արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի հասնել առանց անցագրի ու տեսնել ինչպես գյուղի միակ բնակչին՝ Վահանդուխտ տատին, այնպես էլ ավելի մոտ հեռավորությունից Հայաստանի պատմական մայրաքաղաքը:
Մարզպետը նշեց, որ կառավարությունը բավականին լուրջ ծրագրեր ունի հայ-թուրքական սահմանի գյուղական բնակավայրերի հետ կապված. - «Արդեն իսկ կան բավականին հետաքրքիր ներդրումային գաղափարներ՝ տարածքների հետ կապված, որոնց համար շուտով նաև բաց միջավայր կձևավորվի, այսինքն՝ երբ ռեժիմն ամբողջությամբ հստակեցվեց, երբ օրենսդրական մոտեցումներն այնտեղ, քանի որ սահմանային գոտի է, օրենսդրական խնդիրներ կան, այդ մասը հստակեցվեց, ինքը նաև կներկայացվի այնտեղ գործունեություն ծավալելու մոտեցումները, և ես վստահ եմ, որ մեր մարզի զարգացման համար այս որոշումն իրապես ամանորյա ամենամեծ նվերն էր մեր երկրի կառավարության կողմից: Հիմա մեր բիզնեսը, նաև մեր համայնքն ու բնակչությունը պիտի շատ ճկուն փորձի օգտագործել այս առավելությունը», - ասաց նա:
Խարկովի միակ բնակիչ, 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանն այսօր առաջին անգամ պետական ուշադրության արժանացավ: Վարչապետի կողմից պատվոգիր ստացավ, նաև 500 հազար դրամ: Վահանդուխտ տատը «Ազատության» «Կյանքը Թուրքիայի սահմանին» հաղորդաշարի առաջին հերոսն էր, ով պատմում է, թե ինչու չլքեց գյուղը՝ պահելով սկեսուրին տված խոստումը:
«Իմ առաջին մայրաքաղաքս Անին չէ՞, Անին ինձ պահում ա, չեմ ուզում, իմ նախնիներն էլ օսյաթ են արել, որ չհեռանանք գյուղից, մնանք, երևի ժողովուրդ գա, ապրենք», - պատմեց նա:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօրվա իր ամփոփիչ ասուլիսում նաև ներկայացրեց, թե այս տարի կառավարությունը որքան գումար է տրամադրել մարզին, ու ինչ աշխատանքներ են իրականացվել:
«Քաղաքաշինության ոլորտում մենք համարում ենք, որ բավականին լուրջ զարգացումներ ունենք, 2018 թվականի համեմատությամբ ունենք 32 տոկոս ընդհանուր ծավալի աճ», - հայտնեց նա:
Մարզպետի խոսքով՝ հաջորդ տարի արդեն իսկ հաստատված ծրագրերով և՛ շինարարության, և՛ ճանապարհաշինության ոլորտներում մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն. - «Այս տարի իրականացվել է մոտ 12.8 միլիարդ դրամի աշխատանք ճանապարհաշինության ոլորտում տարբեր ծրագրերով՝ պետական, վարկային, սուբվենցիոն, այսինքն՝ գումարային արդյունքը մոտավորապես այս թվի տիրույթում է: Հաջորդ տարի մենք ակնկալում ենք արդեն ֆիքսված, հաստատված 20 միլիարդ դրամի աշխատանք: Այս ցուցիչներն, իմ կարծիքով, շատ կարևոր են»:
Ներդրումային հոսք էլ կա: Մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ լուրջ ներդրում համարեց ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը, ինչպես նաև մի շարք համապետական միջոցառումները Գյումրիում անցկացնելը, որոնք տուրիստական մեծ հոսք ապահովեցին: Սակայն այս ամենի ֆոնին 42 տոկոս աղքատությամբ Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է: Մարզպետն ասում է, որ հիմա քաղաքականություն է մշակվում, որ մարդը նպաստից կախված չմնա:
«Այսօր այն մոտեցումը, որ նպաստի համակարգն ինքը թակարդ էր այդ համակարգում հայտնված մարդու աշխատաշուկա մտնելու հետ կապված, այս խնդիրը հաղթահարվելու է, պիտի ճիշտ հասկանանք, որովհետև մեր մարզում հատկապես երբ որ աշխատավարձերը աշխատանքային թափուր տեղերում բարձր չեն, նպաստ ստացող մարդն աշխատաշուկա մտնելու այս գայթակղությունը չի հաղթահարում շատ պարզ պատճառով, եթե ինքը տանը նստած ստանում է N գումար, պիտի գնա աշխատանքի, N-ի վրա շատ քիչ տարբերություն պիտի ստանա, դա իրեն չի մոտիվացնում դուրս գալ այս համակարգից: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մարդկանց դուրս մղենք այդ համակարգից, և այն ռեֆորմները, որ գալիս են առաջ, ես վստահ եմ, որ իրենց ազդեցությունը շատ լուրջ կերպով ունենալու են», - եզրափակեց Տիգրան Պետրոսյանը: