Մատչելիության հղումներ

ՔԿԾ պետ. «Գողական աշխարհն» անհանգիստ շարժումներով ընդունեց աղմկահարույց օրինագիծը


Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը մամուլի ասուլիս է տալիս, 20-ը դեկտեմբերի, 2019թ.
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը մամուլի ասուլիս է տալիս, 20-ը դեկտեմբերի, 2019թ.

«Օրենքով գող» կոչվող անհատների վերաբերյալ օրինագծին դատապարտյալներն ամիսներ առաջ անհնազանդությամբ են պատասխանել, այսպես կոչված, քրեական հեղինակությունների դրդմամբ», - այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

«Հրազդան»-ում տեղահան էին արել բանտախցի դուռը ուղղորդված, դրսից ցուցումներով: Իրենց լեզվով ասած՝ «պրագոն էին ուղարկել», որ անհանդուրժողականություն ցուցաբերեք, միաժամանակյա բժիշկ հրավիրեք, միաժամանակյա ինքնավնասումներ արեք, դռներին խփեք», - ասաց նա:

Խռովություններ նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են կազմակերպել. դատապարտյալները դռնակներն են կոտրել, միաժամանակ էլ հարվածել են դռներին ու դյուրավառ նյութեր այրել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու դեպքերով էլ արդեն քրեական գործ է հարուցվել։ Հիմա, ըստ Քրեակատարողական ծառայության պետի, լարվածություն այլևս չկա։

«Տեղներս նստած չենք մնում, մենք էլ ենք մտածում, մենք էլ ենք ուրեմն համապատասխան միջոցառումների ծրագրեր մշակում, որոնք շատ արագ անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք: Հարկ եղած դեպքում արդարադատության նախարարը իրավասու է արտակարգ դրություն մտցնել, և արտակարգ դրության պայմաններում հնարավոր է նաև համարժեք ուժի կիրառում»:

Աղմկահարույց օրինագիծն օգոստոսին կառավարության հավանությանն էր արժանացել, իսկ նոյեմբերին էլ առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում։ Նախագիծը քրեական պատասխանատվություն է սահմանում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու համար. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը։

Քրեակատարողական ծառայության պետը համոզված է՝ եթե օրենսդրական նախաձեռնությունը չլիներ, վտանգ կար՝ Ռուսաստանից քրեական աշխարհի ներկայացուցիչները կգային Հայաստան. - «Ռուսաստանում 2019 թվականի ապրիլին քրեականացվել է, և արդեն ունեն ձևավորված դատական պրակտիկա: Պատկերացրեք՝ եթե հանկարծ մենք Հայաստանում չընդունեինք նման օրինագիծ, այնտեղի բոլոր «գողերը», հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, որոնց շարքում հայազգի ներկայացուցիչները քիչ չեն, գիտեք, տեղափոխվելու էին Հայաստան», - հայտարարեց նա:

Գոյունյանը կարծում է՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը միայն օրենքով հնարավոր չէ։ Բանտերում պետք է մի շարք բարեփոխումներ իրականացվեն, օրինակ՝ հոգեբանական ծառայությունները բարելավվեն։

«Մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է, այսպես կոչված՝ «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը: Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաների ապահովողները», - նկատեց նա:

Վերջինս հայտարարեց՝ իրենք պայքարում են ՔԿՀ-ներում ձևավորված վատ բարքերի դեմ. հիմա քրեակատարողական հիմնարկներում նաև համակարգային կոռուպցիա չկա։ Ասում է՝ իրեն լուրեր են հասել, որ նախկինում առանձին ծառայությունների համար քրեակատարողական ծառայությունների աշխատակիցները դրույքչափեր են սահմանել, օրինակ՝ տեսակցելու ու անգամ մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար. - «Դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայություններ մատուցելու համար, 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում»:

Չնայած հայտարարվող բարեփոխումներին՝ քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող Հասարակական խումբը շարունակում է բարձրաձայնել մահվան դեպքերի, կոռուպցիոն դրսևորումների, խոցելի խմբերի դատապարտյալների նկատմամբ խտրական վերաբերմունքի խնդրի մասին։

XS
SM
MD
LG