«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համալիրը՝ «Օլիմպավանը», զավթել է համայնքին պատկանող շուրջ 960 քառակուսի մետր հողատարածք, պնդում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:
«Տարիներ շարունակ շենքը գործում է առանց շինարարության ավարտական պարտադիր ակտի», - «Ազատությանը» փոխանցեց նա:
Օրեր շարունակ մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ, վերջինս, սակայն, «Կենտրոն» ՀԸ-ը տված հարցազրույցում ասել էր՝ 2015 թվականից սկսած ամեն տարի դիմել են քաղաքապետարան՝ շինարարական ակտը ստանալու համար, այս տարի նույնպես դիմել են, բայց պատասխան չեն ստացել:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պարզաբանում է, թե մասնավորապես հեղափոխությունից հետո ինչու են մերժվել ՀԱՕԿ-ից ուղարկված դիմումները. - «Չի գրանցվել, որովհետև կա զավթում, 960 քմ հողատարածը զավթվել է: Այստեղ արբանյակից նկարն է (ցույց է տալիս նկարը- հեղ.), որի վրա նստացված է Կադաստրի քարտեզը, երևում է, որ դեղինով նշել ենք փաստացի այս պահին «Օլիմպավանի» օգտագործվող տարածքը, մանուշակագույն գծերով երևում է, որ Օլիմպավանի տարածքը բաղկացած է 3 հողակտորներից, 1 հողակտորը 5000 քառակուսի մետր է և 950-ական քառակուսի մետր հողակտորներ: Նկարից երևում է, դեղին շրջագծով որ անցկացված է, փաստացի օգտագործվող տարածքը: Այստեղ իրականացված է ցանկապատ և առանձնացված է, որը կազմում է ընդհանուր 7860 քառակուսի մետր: Այսինքն՝ այս տարածքն ամբողջությամբ տիրապետում է «Օլիմպավան» ՍՊԸ-ի կողմից, որի արդյունքում 960 քառակուսի մետր տարածքը կոնկրետ օգտագործվում է՝ համայնքային տարածքը», - պարզաբանեց նա:
Քաղաքային իշխանության տվյալներով՝ «Օլիմպավանը» գույքահարկ է վճարել միայն հեղափոխությունից հետո, շուրջ 2 տարի չի վճարել նաև աղբահանության գումարը, դրանք սկսել է մուծել 2017-ից, ամսական վճարը կազմում է շուրջ 96 հազար դրամ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որի հետ զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց, «Կենտրոն» հեռուստաըներությանը տված «Մի՛ բզբզացեք» վերնագրով հարցազրույցում ասել է՝ վճարներ չանելու ու հողեր զավթելու մասին լուրերը զավեշտ են:
Ռոստոմյանի խոսքով՝ հողատարածքի ու իրականացված շինարարության անճշտություններն առաջացել են բացառապես քարտեզագրման ու գեոդեզիական անհամապատասխանության արդյունքում, ինչի պատճառով «Օլիմպավանին» պատկանող հողատարածքի մի մասը մնացել է համայնքին, իսկ համայնքային պատկանելության հողատարածքի վրա շինարարություն է իրականացվել:
Ասում է՝ այո, գուցե կա շեղում, բայց պատրաստ են կադաստրային գնով վճարել դրանց դիմաց ու օրինականացնել վիճահարույց տարածքը: Դավթաշեն վարչական շրջանից փոխանցեցին՝ կադաստրային գինը մեկ քառակուսի մետրի դիմաց 4500 դրամ է, այնինչ շուկայական արժեքը՝ 200-250 ԱՄՆ դոլար: Կատվալյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ կադաստրային, այլ ոչ շուկայական գնով. - «Չգիտեմ՝ ինչ ձևերով, ինչ մեթոդներով թույլ է տրվել, որպեսզի «Օլիմպավան» ՍՊԸ-ն 960 քառակուսի մետր համայնքային հողակտոր զավթի: Նշեմ, որ այդ հատվածում հողակտորի մեկ քառակուսի մետրաժի գինը մոտավորապես տատանվում է 200-250 դոլարի սահմաններում: Բայց օրինակ՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր հարցազրույցում նշում է, որ իրենք պատրաստ են գնել 4500 դրամով կադաստրային արժեքով: Կներեք, քաղաքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում 200-250 դոլարանոց հողը վաճառել 4500 դրամ: Այդպես դուրս է գալիս, որ ցանկացած մարդ կարա զավթի համայնքային տարածք, հետո ասի՝ գիտեք ինչ կա, հենց կադաստրային գնով վաճառեք, ես կգնեմ: Չէ, չի կարող լինել այդպիսի տարբերակ: Համայնքի շահերից է բխում, որ եթե հստակ կա փաստը, ու «Օլիմպավանը», բնականաբար, քաղաքապետարանը չի գնալու այս կառույցը քանդելու ճանապարհով, այդ դեպքում պետք է «Օլիմպավանի» ղեկավարությունը մտածի, թե ինչպես է իր տարածքը սեփականաշնորհում»:
Կատվալյանը նաև հակադարձում է, թե հին ու նոր քարտեզների համադրման արդյունքում շեղում է արձանագրվել. - «Հասկանում ենք, որ թեքություն կա, բայց այս պահին օգտագործվող փաստացի տարածքը 7800 քառակուսի մետր է, այստեղ այլ խոսք լինել չի կարող», - նկատեց նա:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանն ասում է՝ «Օլիմպավանի» տարածքում առանց թույլտվության գործել է հանրային սննդի օբյեկտ: Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար պարտադիր վճարն, ըստ Կատվալյանի, միայն հեղափոխությունից հետո է վճարվել: