Մատչելիության հղումներ

Փաշինյան. ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը, որ կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում


«Ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում», - այս մասին այսօր Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, նաև այսօր, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն», - հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց՝ նախորդ մեկուկես տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. - «Շատ է խոսվում Ազգային անվտանգության ծառայության հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, եթե չասենք մեծ մասը, հսկայական մասն անտեսանելի է հանրության համար, և անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը հաճախ չի նկատվում, սովորաբար չի նկատվում, և երբ որ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է, ինքնին պետք է լինի, այ որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ», - շեշտեց նա:

Ի դեպ, նախորդ շաբաթ օրը մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով քննության առարկա դարձնել Ազգային անվտանգության ծառայության տարբեր տարիներին իրականացրած գործունեությունը, մասնավորապես բացահայտել ծառայողների կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման դեպքերը, որոնք կատարվել են ընդդիմության ու քաղհասարակության անդամների վրա ապօրինի ներգործության նպատակով: ՀԿ-ները, դիմելով կառավարությանը, նշում էին, որ պետք է ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման ուղղությամբ։

Վարչապետն ասաց նաև. - «Ցավոք, Հայաստանն այնպիսի անվտանգության միջավայրում չէ, որպեսզի հնարավոր լինի ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները»: Հավելեց՝ մի տարածաշրջանում ենք, որտեղ իրավիճակը շատ բարդ է, պարբերաբար սրվում է, և անվտանգության վերաբերյալ երկարաժամկետ մարտահրավերներ կան։ Միևնույն ժամանակ ընդգծեց. - «Այսօր, ամենավերջին տվյալներով, Հայաստանի Հանրապետությունը տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում։ Պատկերացնո՞ւմ եք՝ հակամարտություն ունեցող, 4 սահմանից երկուսը, 2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների ցանկում, և սրանք բաներ են, որոնք, ցավոք սրտի, շատ դեպքերում չեն նկատվում: Ես այսօր այս ամբիոնից հարկ եմ համարում մեր ուշադրությունը հրավիրել այս կարևորագույն փաստի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG