Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ:
Այս տարվա ընթացքում երկու նախագահներն արդեն երկու անգամ են հանդիպել. ապրիլի 26-ին Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովի, ապա հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայան ֆորումի» շրջանակներում:
Դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է այցելել Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այցի նախօրեին Լավրովի ղեկավարած գերատեսչությունը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի երկխոսության եղանակով: Մենք հետագայում էլ նպաստելու ենք կարգավորման գործընթացին և՛ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող, և՛ որպես Ադրբեջանի և Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող երկիր», - ասված էր Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
Դրանից ավելի վաղ՝ նոյեմբերի 20-25-ը, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան է այցելել Մոսկվա, որտեղ նրան ընդունել են ամենաբարձր մակարդակով: Ալիևան հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Պուտինը Մոսկվայում Ալիևային շնորհել է «Բարեկամության շքանշանը»: Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահն այդ պարգևին է արժանացել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»:
Ալիևայի մոսկովյան այցի օրերին էլ Կրեմլը հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ:
Սանկտ Պետերբուրգում այսօր գումարվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուստի չի կարելի բացառել, որ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: