Մատչելիության հղումներ

«Սա լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում է». ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն


«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության ներխուժման դեպքով քրեական գործ է հարուցվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև գողության հանցափորձի հոդվածներով։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է՝ երեկ ուշ գիշեր թերթի խմբագրության ներխուժումը ոչ թե գողության դեպք է եղել, այլ ցանկացել են ինֆորմացիա գտնել։

Թովմասյանն ասաց՝ հավանաբար գրասենյակ մտել են կա՛մ պատուհանից, կա՛մ պատշգամբից։ Ներխուժողները ստուգել են խմբագրության դարակները, խառնաշփոթ ստեղծել, սակայն առաջին հայացքից, նախնական տվյալներով որևէ բան չեն տարել։ Տեսախցիկներ եղել են, սակայն դրանք անհետացել են։

«Խոսեցի ոստիկանի հետ, պարզվեց, որ ձեռնոցով են աշխատել, սա արդեն բացահայտում էր։ Այսինքն՝ էնպես են արել, որ հնարավոր մատնահետքերը վերանան ու չգիտեմ ինչ են գտել, որովհետև մենք հիմա չենք կարողանում, այսինքն՝ խմբագրության ոչ մի աշխատակից չի կարողանում ստուգի իր իրերը տեղում են, թե տեղում չեն։ Արտաքուստ, այսինքն՝ այն իրերը, որոնք որ արժեք են պարունակում՝ հեռուստացույց, տեսախցիկներ թանկարժեք, այսպիսի բաներ կան խմբագրությունում, որոնք չեն տարել։ Եթե գողություն լիներ, բնականաբար, պիտի էս իրերը տանեին։ Ես կարծում եմ, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու ճանապարհը էնպիսի ճանապարհ է ընտրված, որ իր մեջ ավելի շատ պարունակում է զգուշացում, որ «զգուշացեք, ուշադիր եղեք, տեսեք, որ երբ ուզենք մենք կարող ենք մտնել խմբարություն և ցանկացած ինֆորմացիա կարող ենք վերցնել»։ Ես սա ավելի շատ համարում եմ զգուշացում և մարտահրավեր իրավապահ համակարգին, որպեսզի օր առաջ և վայրկյան առաջ սա բացահայտվի, սա շատ լուրջ խնդիր է խոսքի ազատությանը վնասող, որովհետև ստացվում է այնպես, որ լրագրողը ինչ-որ պիտի գրի, հետո գրելուց հետո նստի սպասի՝ երբ են հյուրընկալվելու ու ինչ-որ փաստաթուղթ տանեն, ինչ-որ նյութ տանեն, ինչ-որ ֆլեշկա փնտրեն և այլ այսպիսի դատապարտելի երևույթ», - ասաց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանը հավելում է՝ «Ժողովուրդ» օրաթերթը մինչ այդ չհրապարակված տեղեկություններ է տպագրում, բացահայտում այնպիսի նյութեր, որոնք հասանելի չեն, ինչը շատերին նյարդայնացնում է։

«Վերջին հրապարակումը եղել է Գագիկ Խաչատրյանի գործի մանրամասները, թե ինչ նամակ է քննվում, ինչ քրեական գործ է։ Այսինքն՝ բոլոր մանրամասները գրված են, որոնք ամիսներ շարունակ որևէ մեկին հասանելի չէր։ Հիմա ես չեմ կարող որևէ գործի հետ կապել, բայց որ սա ակնհայտ զգուշացում է լրագրողներին սթափվելու, ես կարծում եմ, միանշանակ է, երկրորդ կարծիք լինել չի կարող», - նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրը։

Սա լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու դեպք է, ասում է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։ Նշում է՝ «ժողովուրդ»-ի հրապարակումների հետ կապված նախաքննական մարմինները հաճախ խմբագրություն դիմում են ուղարկում, խնդրելով՝ բացահայտել աղբյուրը։ Ի դեպ, խմբագրության գլխավոր խմբագրիը վերջերս Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով որոշ ցուցմունքների հրապարակումների պատճառով:

«Ստիպված եղանք պաշտոնական հաղորդագրությունով հանդես գալ և դիմելով բոլոր նախաքննական մարմիններին՝ «դադարեցրեք ձեր գործը, մենք անում ենք մեր աշխատանքը, հայտնվել է տեսանյութը աղմկարհարույց սպանության, հրապարակում ենք, հիմա չհրապարակե՞նք, չիրականացնե՞նք մեր մասնագիտական գործը», մենք էդ նախազգուշացումն իրականացրեցինք, որից հետո արդեն որոշ ժամանակ անց ՀՔԾ հրավիրվել եմ Մարտի 1-ի գործի ցուցմունքներով։ Այսինքն՝ սպառնալիք չի եղել, բայց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բազմաթիվ դրսևորումներ, անընդհատ՝ «աղբյուր բացահայտեք», լրատվամիջոցը բնականաբար իր աղբյուրը չի բացահայտի ինչքան էլ ճնշումներ լինեն, կանչեն հարցաքննությունների, տանեն-բերեն և այլն։ Բայց ըստ էության ամեն անգամ մենք մեր բան ու գործը պետք է թողնենք գնանք նախաքննական մարմիններ, հրապարակենք, թե ոնց մեր ձեռքում հայտնվեց, ինչ հայտնվեց։ Բնականաբար, լրագրողները շատ դեպքերում ասում են՝ մենք ոչինչ չունենք ասելու, ինչ կա հրապարակել ենք», - ասաց Մանուկյանը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ընդգծում է. «Բարձրաստիճան պաշտոնյաներից, վարչապետից սկսած՝ դասեր են տալիս, հաթաթաներ տալիս մամուլին, ինչը անդրադառնում է մամուլի աշխատողի աշխատանքի վրա»: Նշում է՝ նման դեպքերը կարող են շատանալ։

«Որևէ իշխանություն Հայաստանում անկախացումից ի վեր, իսկ ես այն լրագրողներից եմ, որ աշխատել է այդ 90-ականներին նաև, որևէ իշխանություն և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հիմա, նրանք բոլորը ցանկանում են վերահսկել մամուլը ամեն մեկն իր ձևով։ Այստեղ ուղղակի խնդիրն այն է, որ մեր գործընկերը, որը ժամանակին դատապարտում էր այդ ամենը, ընդ որում շատ սուր էր դատապարտում, կոշտ հայտարարություններ էր անում, հիմա նույն բաները տեղի է ունենում այսօր իր իշխանության ժամանակ։ Այն մթնոլորտը, այն վերաբերմունքը, որ կա մամուլի նկատմամբ, մամուլի աշխատողի նկատմամբ առհասարակ լրատվական միջոցների նկատմամբ, դա հող է նախապատրաստում նման բաների», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Խմբագրություն եկած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ շուտով հանդես են գալու հայտարարությամբ՝ կոչ անելով իրավապահներին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել այս դեպքը։

«Սա աննախադեպ է, սա ցինիզմ է, ուղղակի եթե սա չբացահայտվեց, նշանակում է՝ սա լինելու է նախադեպ, որ ում դուրը ինչ չգա, ինչ հոդված չգա կամ ինչ ցուցմունքների հրապարակում չգա գործի էս գործելաոճով», - նշեց Զոհրաբյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG