Մատչելիության հղումներ

Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումներից, բայց պատրաստ է կատարելագործել նախագիծը․ Ելիսեյան պալատ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումների նախագծից, բայց պատրաստ է այն կատարելագործել, մասնավորապես՝ արհմիությունների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին երեկ հայտարարել է Ելիսեյան պալատը:

Փաստորեն, կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլի և բողոքի այլ ակցիաների 14-րդ օրը Ֆրանսիայի նախագահը հայտարարեց օրինագիծը բարելավելու պատրաստակամության մասին:

Մակրոնի վարչակազմը խոստացել է, թե առաջընթաց կզգացվի արդեն մինչև այս շաբաթվա վերջ:

Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահի առջև խնդիր է դրված դադարեցնել տրանսպորտի գործադուլը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների ժամանակ:

Ֆրանսիայում առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացվում այս ամսվա սկզբից: Կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:

Անցած շաբաթ վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական նախագիծը: Նա հայտնեց, մասնավորապես, որ չնայած կենսաթոշակային տարիքը մնում է անփոփոխ` 62 տարեկան, եթե աշխատողը մինչև 64 տարին լրանալը թոշակի անցնի, վճարումներն ավելի քիչ կլինեն:

Արհմիությունների ղեկավարները վարչապետի ելույթից հետո հայտարարեցին, որ զիջումներն իրենց չեն բավարարում, և բողոքի ակցիաները շարունակվեցին:

XS
SM
MD
LG