Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունը հայտնաբերել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք:
Մասնավորապես, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ «Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով»։ Այդ նպատակով, ըստ ՊԵԿ-ի, համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով և կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։
«Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնեական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 միլիոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: