Բրյուսելում դեկտեմբերի 16-ին կայացել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Համաձայնագրի կատարման ընթացքը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Եվրոպական միությունն իր գոհունակությունն է հայտնել մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ:
«Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:
Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երևանում։
Եվրամիության և Հայաստանի միջև կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո և խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին, ԵՄ-ն և Հայաստանը կդիտարկեն երիտասարդության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները:
Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ քննարկվել են նաև տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հանդիպումը համանախագահում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: