«Ես եմ» խորագրի ներքո Նկարիչների միությունում շատ ուշագրավ ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված են ավելի քան 30 երիտասարդ գեղանկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններ:
Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցահանդեսը կազմակերպել է Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակը որպես ամփոփում Կոմիտաս-Թումանյան հոբելյանական այս տարվա նախաձեռնած մի շարք միջոցառումների: Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանի խոսքով՝ սա այս միջոցառումների շարքում վերջինն է:
«Երիտասարդներին պետք է հարթակ տրամադրել, առիթ տալ, և Համազգայինի այս միջոցառումն այդ ընձեռած առիթներից մեկն է», - ասաց նա: Իսկ հարցին, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել աշխատանքները խորհրդի կողմից, նա պատասխանեց. - «Չափանիշը, բնականաբար, տաղանդն է, այսինքն՝ ուրիշ չափանիշ չկա, շնորհալի, տաղանդավոր երիտասարդներ են, ովքեր նախ ճիշտ ընկալել են ցուցահանդեսի խորագրի իմաստը՝ «Ես եմ»: «Ես եմ»-ն ինքնահաստատումն է, տերն է մշակույթի, պարտավորությունն է մշակույթը շարունակելու, նաև մեր մշակույթի պատմությունն է, եթե երիտասարդը «Ես եմ»-ով տեր է մեր մշակույթին, ինքը տեր է նաև Կոմիտասի ժառանգությանը»:
Նա հավելեց, որ Կոմիտասի 150-ամյակին նվիրված մեծ միջոցառում էր կազմակերպվել Կոմիտասի տուն-թանգարանում, որտեղ ներկայացվեց Կոմիտասն իր անցած ճանապարհով. - «Միջոցառման ժամանակ կատարվեցին նրա աշակերտների ստեղծագործությունները նաև: Մենք ընտրեցինք Բարսեղ Կանաչյան և Նիկոլ Գալանդերյան, և այս 2 մեծ արվեստագետները, որ աշակերտել են Կոմիտասին, ցանկացած առիթով խոստովանել են, որ իրենք շատ-շատ բան են սովորել, և այն, ինչ իրենք այսօր կան, պարտական են Կոմիտասին», - նկատեց նա:
Ցուցահանդեսի համադրող, անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսյանի համոզմամբ էլ՝ իրենց ստեղծագործությունները ներկայացրած այս տաղանդաշատ երիտասարդներն իրենց որոշակի ներդրումը կունենան համաշխարհային արվեստում. - «Նման ցուցահանդեսը օդի, ջրի պես է մեր երիտասարդների համար: Այսօր ամենաառաջին տեղում ինձ համար երիտասարդներն են, և առաջինից առաջին տեղում երիտասարդ ստեղծագործողները: Հնարավորություն է ընձեռվում ցուցադրվել և մուտք գործել մեծ արվեստ:
Քանդակագործները հիմնականում Գեղարվեստի ակադեմիայի իմ ուսանողներն են, հետևաբար ես այդ գործերի ծննդյանը մասնակից եմ նայում: «Ես եմ» արտահայտությունը շատ կարևոր է երիտասարդի համար, որ կարողանա արտասանել «ես եմ» բառը: Արտասանելով «ես եմ» բառը՝ իր վրա է վերցնում պատասխանատվություն որպես արվեստագետ, որպես քանդակագործ, նկարիչ և որպես քաղաքացի», - ընդգծեց նա:
«Ազատության» հարցին՝ ի վերջո ի՞նչ սերունդ է գալիս, Վիգեն Ավետիսյանն արձագանքեց. - «Գալիս է շփոթված երիտասարդություն, որոնց պիտի օգնենք, որպեսզի այդ շփոթությունը նախ փարատվի, և իրենց խոսքն ասեն ու տակը ստորագրեն՝ «ես եմ»: Այդ շփոթվածությունից անցումն է դեպի ուղիղ կեցվածք, քանի որ այս ընթացքում արվեստագետները կամ չասացին, եղած արվեստագետները չէին խոսում վախի մթնոլորտից, իսկ նոր սերունդը դեռ չի ուղղել իր մեջքը: Հիմա այս ցուցահանդեսն այդ ուղղվելուն է ուղղված»:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանի կարծիքով՝ անհնար է չհպարտանալ այսօրվա ստեղծագործ երիտասարդությամբ. - «Հրաշք երիտասարդներ ունենք, ոն՞ց կարող է տաղանդավոր երիտասարդություն այսքան ունենաս ու չհպարտանաս, քանդակի բնագավառում, նկարչության բնագավառում, եկող տարի նաև կունենանք արձակի, գրականության»:
Իսկ արդյոք այսօրվա երիտասարդությունը կրո՞ղն է կոմիտասյան ժառանգության, այս մասին Ղարաբաղյանն ասաց. - «Ինքն արդեն գենետիկորեն արդեն կրողն է, եթե հայ մարդ է, անկախ տարիքից ինքն արդեն գենետիկորեն Կոմիտասի ժառանգորդն է»: