Այսօր երեկոյան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեր մեծագույն արտիստներից Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Իսկ կեսօրին թատրոնում տեղի ունեցավ մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում փոխնախարարը հանգամանալիորեն ներկայացրեց 2019 թվականին նախարարության կողմից մշակույթի մի քանի ոլորտում իրականացված և իրականացվող ծրագրերը, կապիտալ ներդրումները, օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերն ու հուշագրերը, անդրադարձավ նաև հաջորդ տարվա ծրագրերին։
Ժամանակակից արվեստի ոլորտում նախարարությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել կապիտալ ներդրումների համար՝ թատրոնների, նաև պարարվեստի պետական քոլեջի հիմնանորոգումներ, տեխնիկական հագեցվածություն, անվտանգության համակարգերի բարելավում, նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակում և այլն, այլն։
«Կապիտալ ներդրումները հիմնականում ուղղվել են մեր մշակութային կառույցների նախագծանախահաշվային պատկերը ճշտելու ուղղությամբ, նաև տեխնիկական վերազինմանն են ուղղվել», - ասաց նա:
Ամենակարևորը, փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ, Մնջախաղի պետական թատրոնի տարածքի վերջնական կարգավորման խնդիրն էր, որի մասին ազդարարվեց բոլորովին վերջերս. - «Շենքի խնդրի կարգավորումը ձևավորելու է նոր չափանիշներ, և մեր պահանջները, մեր ներկայացրած չափանիշները մնջախաղի, արվեստի հանդեպ պետք է լինեն շատ բարձր», - նկատեց նա:
Փոխնախարար Արա Խզմալյանը տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը համարում է նաև պետական գնումների համակարգին առնչվող կառավարության որոշումներից մեկը. - «Տարիներ շարունակ մեր ստեղծագործական կառույցների տնօրեններն ուղղակի ճկվում էին այն բարդ համակարգից՝ ոլորտի տրամաբանությունից դուրս, և հիմա մենք, բարեբախտաբար, կարողացանք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ լրամշակել այդ որոշումը և ըստ էության ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր պետական գնումներն այսուհետև կարողանում ենք իրականացնել մեկ անձի գնման ընթացակարգով: Սա իսկապես շատ լուրջ ձեռքբերում է ոլորտի համար», - շեշտեց նա:
Անդրադարձ եղավ նաև Կինոյի մասին օրենքի նախագծին, որն այդպես էլ տարիներ շարունակ քննարկվում և ոլորտի մասնագետների կողմից համընդհանուր մշակման չի արժանանում. - «Կինոյի մասին օրենքի 2 նախագիծ կա, մշակումը նախագծերի ավարտվել է, մեկը Անկախ կինոգործիչների համայնքի նախագիծն է, մյուսը՝ Ոսկե ծիրանի աշխատանքային խմբի: Սա գործի կեսն էլ չէ: Մենք պետք է գնանք այս 2 նախագծերի համադրման ճանապարհով, պետք է ներկայացվի 1 ընդհանրական փաստաթուղթ»:
Փոխնախարարը նաև կինոգործիչներին նվիրված մի ուշագրավ նկատառում արեց. - «Ես շատ հուսադրված եմ հատկապես կինոյի ոլորտի գործիչների մեթոդներով և ոճով, որովհետև կինոյի ոլորտն այն ոլորտն է, որն առավելագույնս է պահանջում ֆինանսական ներդրումներ, բայց ոլորտի պատասխանատուները, մասնավորաբար Ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը, Ոսկե ծիրանի ղեկավարությունը, ԻՖԿԱ-ի ղեկավարությունը գնում են ոչ թե մշտապես պետությունից փող պահանջելու և աջակցություն ակնկալելու ճանապարհով, այլ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ճանապարհով: Այս իմաստով, կարծում եմ, որ կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է լինի ուղենշային և օրինակելի արվեստի մյուս բնագավառների ներկայացուցիչների համար», - ասաց նա:
Նախարարության աջակցությամբ այս տարի մեր մեծերի հոբելյաններին նվիրված բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ համերգներ, հոբելյանական երեկոներ, ցուցահանդեսներ, բայց, իհարկե, ամենաշատ թվով հոբելյանական միջոցառումները նվիրված են եղել Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին, որոնք պատշաճ մակարդակով նշվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։
Գաղտնիք չէ, որ մշակույթի ոլորտում, սակայն, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մեծ մասամբ կուտակվել են դեռ նախորդ տարիներից, օրինակ՝ Օպերային թատրոնում կամ Պարարվեստի թատրոնում։ «Ազատության» հարցին, թե ինչ խնդիրներ այդպես էլ այս տարի չկարողացան հանգուցալուծել, Արա Խզմալյանն ասաց. - «Ինձ համար շատ կարևոր է մասնագիտական հանրության համերաշխությունը և ցնցումների բացակայությունը: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք բոլոր հակասությունները կարգավորել շատ մարդկային, քաղաքակիրթ և մասնագիտական ձևով: Հասկանում ենք, թե ինչ պիտի փոխվի, բայց, բնականաբար, կես տարվա մեջ բոլոր հարցերի պատասխանները մենք չենք կարող տալ»:
Իսկ ինչ վերաբերում է նախարարության կողմից մշակույթի ոլորտին տրամադրվող դրամաշնորհներին, ապա նա նկատեց. - «Մենք, բարեբախտաբար, կարողացանք բարեկարգել դրամաշնորհների հատկացման կարգը, և այն տարօրինակ վիճակը, որ մենք հնարավորություն չունեինք ուղղակի հայտատուների հետ խոսելու, կվերացնենք, մենք արդեն երկրորդ փուլով նաև հարցազրույցներ կանցկացնենք: Եթե դա թատերական նախագիծ է, ապա էսքիզներ, ստեղծագործական կազմ, երաժշտություն, մաքսիմալ պատկերացում կազմենք, թե ինչ ենք ունենալու արդյունքում»: