Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին որոշեց կանաչապատումն իրականացնել համայնքային նոր ձևավորվելիք հիմնարկով


Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց քաղաքի կանաչապատման գործն իրականացնել համայնքային մեկ, նոր ձևավորվելիք՝ Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանության հիմնարկով։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հիմնավորմամբ՝ իրենք մրցույթ էին անում, համայնքապետարանի կանաչապատման ընկերությունները հաղթում, արհեստական մրցույթներ են։ Մեկ հիմնարկով կենտրոնացված աշխատանքն, ըստ նրա, ավելի արդյունավետ կլինի։

Ըստ քաղաքային իշխանության, Երևանում կանաչ միջավայր ձևավորելով հնարավոր կլինի մաքրել քաղաքի անթույլատրելիության աստիճանի աղտոտված օդը։

Հիմնարկի ստեղծմանը դեմ էր ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը։ Դավիթ Խաժակյանի կարծիքով անհրաժեշտ է մասնավոր ընկերությունների մրցակցություն, նրա տպավորությամբ, քաղաքապետարանը ծառայությունները իր ստեղծած հիմնարկներում կենտրոնացնելով գնում է դեպի սոցիալիզմ։

«Դուք գնում եք պլանային տնտեսության ճանապարհով և որոշում եք, որ ամեն ինչ պետք է իրականացնի համայնքը։ Ես մի անգամ այսպես մի քիչ չափազանցված օրինակով դա ասեցի, բայց վաղն էլ կարող ենք որոշել, որ գիտեք ասֆալտապատումն ինչի՞ ենք տալիս մասնավորին, եկեք մենք մի հատ գործարան բացենք ասֆալտի, սկսենք դա անել», - ասաց Խաժակյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հակադարձեց՝ եվրոպական շատ երկրներ են այս ճանապարհով գնացել, փորձը ցույց է տալիս, որ աղբ, տրանսպորտ, կանաչապատում՝ համայնքն ավելի արդյունավետ է կառավարում, քանի որ իր բնակիչների առջև ունի պատասխանատվություն։ Մարությանը շեշտեց, որ այս հիմնարկի ստեղծումը շատ կարևոր է լինելու՝ քաղաքի խնամքի, կանաչապատման, աղբի տեսակավորման տեսանկյունից։

«Մենք չենք անելու ինչ-որ պոպուլիստական քայլեր, չենք անելու բաներ, որոնք միանգամից երևալու են, այլ մենք սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո», - նշեց քաղաքապետը։

Նա նաև կոչ արեց տնտեսվարողներին կանաչապատման նոր հիմնարկին, գույք նվիրել։ Ավագանու նիստում կրքերը շիկացան, երբ քննարկվող հաջորդ հարցի ժամանակ ընդդիմադիրները վերադարձան կանաչապատման թեմային։ «Կանոնակարգի խախտում է, թեմայից հեռանալ պետք չէ, - հորդորեց քաղաքապետը։

«Եթե մեզ դուր չի գալիս այս կանոնակարգ, ժողովուրդ, ընդունեք նոր կանոնակարգ, էդ կանոնակարգով շարժվենք, բայց պետք է լինի մի փաստաթուղթ, որով մենք շարժվում ենք առաջ։ Չի կարող փաստաթուղթը լինել մի կողմ մեր էստեղի գործողությունները լինեն մյուս կողմ։ Էդպես հնարավոր չի», - ասաց Մարությանը։

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը զգուշացրեց. «Կանոնակարգը հստակ նախատեսում է նաև ներգործության միջոցներ՝ սեղմից մինչև խիստ, ընդհուպ մինչև ավագանու անդամին դահլիճից դուրս հրավիրել»։

Ավագանու ընդդիմադիրները սա համարեցին իրենց ելույթները գրաքննելու փորձ։ Ընդդիմության լիազորությունների սահմանափակում է, ասաց Խաժակյանը։

«Տենց երևույթ չի եղել ո՛չ Ազգային ժողովում հանրապետականների ժամանակ, ո՛չ Երևանի ավագանիում հանրապետականների ժամանակ ու չի լինելու Երևանի ավագանիում այսօր», - ընդգծեց Խաժակյանը։

«Ես հասկանում եմ, որ հաճույքով էիք այդ ամեն ինչը հիշում, շատ նոստալգիկ է ձեզ մոտ ամեն ինչը, և եթե մեկը մտածում է այս դահլիճում, որ վեր է լինելու և վեր է կանգնելու օրենքից սխալվում է, ուզում է օպոզիցիա լինի, ուզում է պոզիցիա լինի», - արձագանքեց քաղաքապետը։

Թե ո՞ւմ համար էր ավելի հարմարավետ աշխատել Հանրապետական կուսակցության հետ՝ բանավեճը երկար տևեց։ «Բարգավաճ Հայաստանից» էլ քաղաքապետի խորհրդականին հորդորեցին չսպառնալ իրենց և ընդհանրապես նրա ելույթ ունենալու իրավունքի հարցն էլ քննարկվեց։

Դարձյալ օրակարգ մտավ քաղաքապետի վաղուց ավարտված արձակուրդի հարցը, «Լույս» խմբակցության ղեկավարն իրավապահներին է դիմել՝ Մարությանը արտերկրից երկարաձգել է արձակուրդը հետին թվով, նրա պարտականությունը կատարել է օրենքով չնախատեսված անձ, հետո արձակուրդի կարգադրությունն է փոխվել։ Ըստ Խաժակյանի, դատախազությունը այս ամենը պետք է ստուգի։

«Ավելի լավ է մտածեք քաղաքապետի արձակուրդի կարգադրությունը ոնց եք մի հատ ամսի 4-ին փոխել, ոնց եք հետո իրա գալուս հետո փոխել։ Դուք մտածեք՝ իրավապահներին ո՞նց եք դրա պատասխանը տալու», - ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը

Արձակուրդի թեման քաղաքապետի թիմը համարում է իրականության հետ կապ չունեցող արշավ։ Քննարկվող օրակարգային հարցերին ավագանու անդամներն այնուամենայնիվ վերադարձան և որոշեցին՝ Երևանում լռության ժամերը երեկոյան 23:00-ից մինչև առավոտյան 7-ն է։ Այս ժամերին ռեստորան-ակումբները պետք է չաղմկեն։

Ավագանու անդամները ծափերով եզրափակեցին քանդակագործ Արտո Չաքմաչյանի «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու քվեարկությունը։ Այս հարցը ավելի քան 10 տարի քննարկվել ու չէր հանգուցալուծվում։ «Քայլող մարդը» կլինի Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող հատվածում։ Ավագանու ընդդիմադիրները հորդորեցին հանճարեղ արձանը քաղաքականությունից հեռու պահել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG