Մատչելիության հղումներ

Wizz Air-ն ապրիլից Երևանից թռիչքներ կկատարի Վիեննա ու Վիլնյուս, տոմսերի արժեքը՝ մոտ 30 եվրոյից սկսած


Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն ապրիլից թռիչքներ կիրականացնի Երևանից: Ընկերության ինքնաթիռները Երևանից կմեկնեն Ավստրիայի ու Լիտվայի մայրաքաղաքներ՝ Վիեննա ու Վիլնյուս:

Տոմսերի համար ուղևորները կարող են վճարել 30 եվրոյից էլ պակաս գումար։ Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռադոն հայտնեց՝ թռչելու են շաբաթական 2 անգամ. - «Արդեն հիմա կարող եք պատվիրել: Ես տեսնում եմ, որ շատերն արդեն iPhone-ներում են», - նկատեց նա:

Ընկերության ներկայացուցիչը հայտնեց՝ շատ ուրախ են, որ ի վերջո Հայաստանում են, և հույս հայտնեց, որ սա համագործակցության սկիզբն է միայն. - «Մենք միշտ հետաքրքրված ենք նոր ուղղություններով, 2 ուղղություններով թռիչքներ իրականացնելը մեր վերջնական նպատակը չէ: Պլանավորում ենք ավելի շատ ուղղություններ ունենալ, նախատեսում ենք, որ նվազագույնը կունենանք այն ուղղությունները, որոնք արդեն կան, սա նշանակում է հարյուրավորներ»:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցրեց՝ իրենք ոչ մի յուրահատուկ բան չեն արել՝ Wizz Air-ին Հայաստան բերելու համար. - «Այն, ինչ արել ենք մեկնման հարկերի հարցում, ավելի ճկուն լինելն է, որովհետև երբ ունենք 25 եվրոյով տոմս, միաժամանակ 20 եվրո էլ հարկ եք վճարում, ավիափոխադրողի համար անընդունելի է: Այդուհանդերձ, Wizz Air-ին խրախուսում ենք նույն հիմքերով, ինչ ցանկացած այլ ավիաընկերության»։

Wizz Air-ը պաշտոնապես հայաստանյան շուկա մուտք գործած 2-րդ լոուքոսթերն է: Արդեն հունվարից իռլանդական Ryanair-ի ինքնաթիռները Երևանից կթռչեն Հռոմ ու Միլան, ամռանից էլ նույն ընկերությունը Գյումրիից ուղևորներին կտեղափոխի Բեռլին ու Մեմինգեն:

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև Գյումրիի օդանավակայանին: Նրա խոսքով՝ Հայաստանի հյուսասիային մայրաքաղաքը տուրիզմի տեսանկյունից դեռ այնքան ակտվիվ չէ, որ ավիաընկերությունները հերթ կանգնեն այնտեղ չվերթներ իրականացնելու համար. - «Դրա համար մենք այլ խթաններ ենք տրամադրում, որ Գյումրի քաղաքը զարգանա, և ավիաընկերություններն ուզենան թռչել Գյումրիի օդանավակայանից: Մինչ այսօր միայն «Պոբեդա» ընկերությունն է թռիչքներ իրականացրել վերջերս, «Տարոն-Ավիա»-ն էլ է թռիչքներ իրականացրել նախկինում, բայց «Պոբեդա» ավիաընկերությունը՝ մի ավիաընկերություն, մի ուղղություն դեպի Ռուսաստան: Այսինքն՝ ուրիշ տարբերակ Գյումրիի օդանավակայանի համար չի եղել: Մինչև դա փակ է եղել օդանավակայանը»:

Տաթևիկ Ռևազյանը նաև խոսեց քաղավիացիայի կոմիտեի խնդիրներից՝ ունեն թափուր աշխատատեղեր, որոնք լրացնել չեն կարողանում. - «Ով կուզենա, եթե ինքը օդաչու է և կարող է 4000-5000 դոլար աշխատի նույն Հայաստանում որպես օդաչու կամ դրսում 10-15000 դոլար աշխատի, ինչո՞ւ պետք է գա քաղավիացիա 150 հազար դրամով: Մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու ու արդեն սկսել ենք ձեռնարկել, որ օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որ աշխատավարձերը կարողանանք բարձրացնենք, և դա չի լինելու, այն, ինչը մենք նախատեսում ենք, պետբյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գանձել գումարներ մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում լրիվ ընդունված տարբերակ է», - եզրափակեց նա:

XS
SM
MD
LG