Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկին ժամանում է Բաքու


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, դեկտեմբեր, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, դեկտեմբեր, 2019թ․

Այսօր երկօրյա այցով Բաքու է ժամանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Սա Ուկրաինայի նորընտիր ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կովկաս:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Զելենսկին Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպումներ կունենա նախագահ Ւլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի հետ: Նախատեսված է նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում, ուկրաինա-ադրբեջանական գործարար համաժողով` երկու երկրների նախագահների մասնակցությամբ:

Մինչ այդ, Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին հայտարարել էր, որ պաշտոնական Կիևը մտադիր է կենտրոնանալ Նախիջևանի ինքնավար հանրապետության վրա՝ մի շարք ներդրումներ անել հենց այդ երկրամասում:

Ադրբեջանի հետ ավանդաբար սերտ կապեր ունեցող Ուկրաինայի առաջնորդը դատարկաձեռն չի մեկնում Բաքու: Զելենսկու այցի նախաշեմին Ուկրաինայի իշխանությունները Բաքվին են արտահանձնել ադրբեջանցի լրագրող և բլոգեր Էլվին Իսաևին, ում արտահանձնումը Ռուսաստանից ամիսներ առաջ կանխել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Ազգությամբ թալիշ 39-ամյա Էլվին Իսաևը 1998 թվականից բնակվում էր Ռուսաստանում: 2014 թվականից յութուբյան իր էջում, որը հազարավոր հետևորդներ ունի, բլոգ է վարում` կոշտ քննադատում Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես՝ իշխող ընտանիքին, նախագահին անվանում բռնապետ, նրա ընտանիքին մեղադրում կոռուպցիայի մեջ:

Տարիներ շարունակ Իսաևի արտահանձնմանը հասնել փորձող Ալիևի վարչակազմն այս տարի նրան հեռակա կալանավորելու որոշում է կայացրել, որից հետո Ռուսաստանում սկսվել էր լրագրողի արտահանձնման գործընթացը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում, սակայն, Ռուսաստանի իրավապահները չեղարկել էին այդ որոշումը, ինչից հետո ադրբեջանցի բլոգերն ինքնակամ լքել էր Ռուսաստանը՝ տեղափոխվելով Կիև:

Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ դեկտեմբերի 12-ին Իսաևն անհետացել է, և միայն երկու օր անց հայտնի է դարձել, որ լրագրողն արտահանձնվել է Բաքվին ու գտնվում է քննչական մեկուսարանում:

Պաշտոնական Կիևն առայժմ չի արձագանքել աղմկահարույց այս պատմությանը, Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե բլոգերի արտահանձնման պատճառը կեղծ փաստաթղթերն են:

Kyiv Post-ի տվյալներով, այդուհանդերձ, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, Իսաևի դեմ լուրջ մեղադրանք է առաջադրված՝ ահաբեկչության հոդվածով:

Թալիշները Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններից է, որը տասնամյակներ շարունակ ապարդյուն փորձում է ինքնավարություն ձեռք բերել: Մի քանի անհաջող փորձերից հետո մոտ կես միլիոնի հասնող թալիշական համայնքի առաջնորդներից շատերը կամ լքել են Ադրբեջանը, կամ ձերբակալվել:

Ամիսներ առաջ էլ Ռուսաստանը Բաքվին է արտահանձնել թալիշների ազգայնական շարժման ղեկավարներից Ֆահրոդին Աբասովին (Աբոսզոդա), ում պաշտոնական Բաքուն մեղադրում է օտարերկրյա կազմակերպությունների հանձնարարությամբ Ադրբեջանի պետականության դեմ գործելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու և սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչերի համար: Թալիշ գործիչը հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում շարունակ պնդում էր՝ Բաքուն խտրական քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների հարցում և փորձում է ամեն գնով նրանց ձուլել ու մոռացության տալ նրանց ազգային ինքնությունն ու լեզուն:

Ադրբեջանում թալիշների թիվը հասնում է մոտ կես միլիոնի:

XS
SM
MD
LG