Հյուսիսային Կորեան նոր փորձարկում է իրականացրել երկրի արևմուտքում գտնվող «Սոհե» ռազմական փորձադաշտում: Այս մասին այսօր հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը` չհստակեցնելով, թե հատկապես ինչ սպառազինության կամ ռազմական նշանակություն ունեցող սարքավորման մասին է խոսքը:
«Պաշտպանական գիտության ասպարեզում ձեռք բերված այս հաջողությունները կարող են կիրառվել մեր պետության կողմից միջուկային զսպման ամուր համակարգի ստեղծման նպատակով», - նշված է Կորեայի լրատվական գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Արևմտյան աղբյուրների տեղեկություններով, կորեական իշխանությունները «Սոհե»-ում հրթիռային շարժիչ են փորձարկել: