Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային փառատոնը, որը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 14- 21-ն ընկած ժամանակահատվածում՝ ներառելով 5 համերգ։
Այս երեկո փառատոնը կբացվի աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նա 2019-2020 թվականների համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է։
Փառատոնի բացման համերգին այս երեկո Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Մաքս Բրուխի, Մորիս Ռավելի և ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։ Ինչպես համերգից առաջ լրագրողների հետ Արամ Խաչատրյանի թանգարանում հանդիպման ժամանակ շեշտում էր Մաքսիմ Վենգերովը՝ երևանյան համերգներն ամեն անգամ շատ հաճելի և նշանակալից իրադարձություն են իր համար։
Աշխարհի լավագույն բեմերում լավագույն նվագախմբերի հետ, նաև մենահամերգներով, իհարկե, հանդես եկող ջութակահարը՝ Մաքսիմ Վենգերով, ընդգծում էր նաև, որ իր համար շատ հաճելի է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալ, քանի որ նվագախմբում հրաշալի մթնոլորտ է և շատ բարձր, պրոֆեսիոնալ մակարդակ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում համատեղ հյուրախաղեր են սպասվում եվրոպական ամենահայտնի բեմահարթակներում։
«Այն ծրագիրը, որը մենք ներկայացնելու ենք Արամ Խաչատրյանի բացման համերգին, որը Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան է երկրորդ, բացառիկ երաժշտություն, ֆենոմեն ա, ես կասեի, երաժշտություն, որը Հայաստանում չեմ հիշում՝ երբ է հնչել, դա ենք ներկայացնելու և մաեստրո Վենգերովի հետ կատարելու ենք Բրուխի և Ռավելի ստեղծագործությունները, որը հետո հունվարի ամենասկզբում՝ ամսի 8-ին ներկայացնելու ենք Մյունխենում, այնուհետև Շտուտգարդ, Զալցբուրգ, Բեռլին, Լոնդոն, Վիեննա, Պրագա և Մոսկվա։ Տարածաշրջանում առաջին անգամն է, որ նվագախումբը նման դահլիճներում կունենա ելույթ, բայց ոչ միայն ելույթ նման դահլիճներում, այլ դա արվելու է ամբողջ մեկ համերգաշրջանի ընթացքում։ Այս տարի նվագախմբի համար ամենամեծ ձեռքբերումն էր միջազգային իմաստով, որ Մաքսիմ Վենգերովը մեր ռեզիդենտ արտիստն էր, միջազգային չափանիշներում ամենամեծ պրոֆեսիոնալ ձեռքբերումն է, որովհետև՝ արտիստ, որին հետևում է աշխարհը և նման արտիստի հետ ելույթ ունենալ նման դահլիճներում, որտեղ որ ներկայացնելու ենք մեր երաժշտությունը», - ասաց Սմբատյանը։
Դե իսկ Արամ Խաչատրյանի անվան այսօր մեկնարկող 7-րդ փառատոնն էլ, նրա խոսքով, հանդիսատեսին չի կարող անտարբեր թողնել, քանի որ այն այս անգամ իր մեջ ներառում է մի շարք ուշագրավ նախագծեր՝ ասենք, օրինակ, «Խաչատրյանը և ջազը» և այլք, փառատոնին կմասնակցեն արտասահմանյան հայտնի երաժիշտներ, փառատոնի եզրափակիչ համերգն էլ նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյա հոբելյանին։
Համերգին կմասնակցեն Չինաստանից մենակատարներ, կհնչեն չինական կոմպոզիտորների գործեր։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ էլ այս փառատոնը ևս մի հրաշալի հնարավորություն է ստեղծում մշակութային նորանոր կապերի հաստատման համար։
«Ես հիշում եմ՝ որոշ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում երկրորդ, թե երրորդ փառատոնն էր, ես քայլում էի Օպերային հարակից տարածքով և այդ օրվա մեկնարկի կապակցությամբ հնչում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ու ես նկատեցի, որ ակամա փոխվեց քաղաքում քայլելու իմ ձևը, իմ կերպը, փոխվեց քաղաքի ու երկրի ընկալման սահմանները և սա հերթական անգամ եկավ ասելու, որ պետք է մտածենք իսկապես մեր կյանքը, մեր հանրային կյանքը, քաղաքը, երկիրը, քաղաքի երաժշտական բովանդակությունը ճշմարիտ արժեքներով լցնելու Արամ Խաչատրյանին ուղղակի դարձնելու որպես մեր մշակույթի բրենդային բաղադրիչներից մեկը, կարևորագույն բաղադրիչներից մեկը և Արամ Խաչատրյանն այն դեմքն է, որով մենք իսկապես կարող ենք խոսել ազգային մշակույթի և միջազգային մշակույթի նույնականացման մասին։ Արամ Խաչատրյանը ուղեցույց է, կողմնորոշիչ է նաև այս առումով, որ ազգային մշակույթը միևնույն ժամանակ միջազգային է, դրա լավագույն դրսևորումներից մեկը Արամ Խաչատրյանն է», - ասաց Խզմալյանը։