Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել Երևանի Մետրոպոլիտենում


1 միլիարդ 200 միլիոն դրամի չարաշահումներ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ում։ Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել Մետրոպոլիտենի գնումների գործընթացում։

ՊՎԾ-ն պարզել է, որ 2011-ից 2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության վագոնների նորոգման նպատակով Մետրոպոլիտենը խոշոր գումարներ է վճարել, սակայն նույն այդ գումարներով հնարավոր էր ժամանակակից ու նոր վագոններ գնել։ Այդ ընթացքում Մետրոպոլիտենի տնօրենը Փայլակ Յայլոյանն է եղել. մայիսի 20-ին նա սեփական դիմումի հիման վրա ազատվել է զբաղեցված պաշտոնից։

«8,5 միլիարդ դրամի ծախս է իրականացվել վագոնների վերանորոգումների և պահեստամասերի վրա, ես դեռ չեմ ասում աշխատուժ, ես դեռ չեմ ասում այլ ծախսեր, միայն պահեստամասի ձեռք բերում, վերանորոգման ծառայության ձեռք բերում և սայլակների ձեռք բերում, դա էլ պահեստամաս կարող ենք ինչ-որ տեղ հաշվել, սակայն 11 միլիարդ դրամով ընդամենը հնարավոր է ձեռք բերել շվեյցարական ժամանակակից «Շտադլեր» մոդելի վագոններ, 18 վագոն», - ասաց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանը։

Բացի այդ, ՊՎԾ-ն պարզել է, որ ռուսական կապալառու ընկերությունը, որի հետ 2016 թվականին առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների նորոգման համար,
չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով։ Հակառակ դրան Մետրոպոլիտենը շարունակել է վճարումներ իրականացնել ընկերությանը։

«Նշված և մի շարք այլ կոպիտ խախտումների արդյունքում ընկերությունը ստանալով 1,2 միլիարդ դրամի եկամուտ ապահովել է շուրջ 700 միլիոն դրամի շահույթ», - նշեց Ադյանը։

Ըստ Պետական վերահսկողական ծառայության, Մետրոպոլիտենը խախտել է նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի Մետրոպոլիտենը 2 վրացական և 3 ռուսաստանյան նորաստեղծ ընկերություններից գնումներ է կատարել։

«Ձեռք է բերվել 674 միլիոն դրամի պահեստամաս։ Մենք իրականացրել ենք հարցումներ արտադրող ընկերություններին, ինչպես նաև ուսումնասիրել ենք համացանցում առկա տեղեկատվությունը Ռուսաստանի գնումների բազաներով, թե ինչ գներով են ռուսաստանյան մետրոպոլիտենները ձեռք բերում այդ սարքավորումները, որի արդյունքում պարզվել է, որ այն սարքավորումները, այն պահեստամասերը, որ հենց հիմա հնարավոր է ձեռք բերել 274 միլիոն դրամով, իրանք ձեռք են բերել 511 միլիոն դրամով», - ասաց Դավիթ Ադյանը։

Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության համաձայն, վերանորոգման ու սպասարկման աշխատանքների մի մասն էլ Մետրոպոլիտենում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի դստեր ընկերությունն է իրականացրել։ Այդ ընկերությունը Մետրոպոլիտենին շուրջ 43 միլիոնդ դրամի ծառայություններ է մատուցել։

«Մետրոպոլիտենը իր ռեսուրսներով, իր աշխատուժով և իր աշխատակիցներով կարող էր պահեստամասեր ձեռք բերել և այդ գործողությունն իրականացնել, սակայն այդ աշխատակիցները գրանցվել են մյուս ընկերությունում, հենց դստեր կողմից հիմնադրված ընկերությունում և այդ ընկերությունը ծառայություն է մատուցել Մետրոպոլիտենին», - ասաց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարը։

Ադյանի խոսքով, Մետրոպոլիտենում չարաշահումները շարունակվել են անգամ այն ժամանակ, երբ իրենք ուսումնասիրությունները դեռ չէին ավարտել։ Այդ ընթացքում էլ Մետրոպոլիտենին 3 միլիոն դրամ վնաս է պատճառվել։ Մայիսից Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն «Ազատությանը» վստահեցրեց՝ ինքն է նկատել այդ չարաշահումներն ու դիմել իրավապահներին։

Մետրոպոլիտենը 2001-2003 և 2007-ից մինչև 2019 թվականներին ղեկավարած Փայլակ Յայլոյանն այսօր ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեց։

Պարզվում է՝ նրան դեռևս ամիսներ առաջ մեղադրադանք է առաջադրվել առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հոդվածներով։

Նախաքննությամբ պարզվել է, որ Մետրոպոլիտենին պատկանող Բաղրամյան 76/2 հասցեում գտնվող շուրջ 923 քմ տարածքն օտարվել է դրա կադաստրային արժեքից զգալի ցածր գնով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG