Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ «Սուսերով պարը» համարվում է մեր օրերում դասական երաժշտության ամենաշատը կատարվող գլուխգործոցներից մեկը, որի ստեղծման պատմության շուրջն է հյուսվում համանուն ֆիլմը՝ ներկայացնելով հանճարեղ կոմպոզիտորի կերպարը, նրա մարդկային առինքնող յուրահատկությունները դրամատիկ հանգուցալուծում ստացող հոգեբանական չափազանց բարդ իրավիճակում՝ 1942-ի ձմռանը, երբ խորհրդային բռնապետության գրաքննության, մատնության, կոմունիստ չինովնիկներին ամենաչնչին անհնազանդության դեպքում ամեն վայրկյան, ի թիվս այլոց, արվեստագետին սպառնում էր մահվան կամ լավագույն դեպքում սիբիրյան աքսորավայրում հայտնվելու իրական վտանգը։
Ֆիլմը ստեղծված է կոմպոզիտորի կյանքի իրական դեպքերի հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ երեկ երեկոյան, այսօրվանից այն ցուցադրվելու է մայրաքաղաքի կինոթատրոններում։
Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ, բայց շատ բարդ ժամանակահատված ներկայացնող «Սուսերով պար» ֆիլմը նկարահանել է մոսկովայաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը՝ Հայաստանի հետ համատեղ։
Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի համար նախապես հայտարարած սցենարական մրցույթի հաղթող է ճանաչվել կինոռեժիսոր, սցենարիստ Յուսուպ Ռազիկովը։ Նա երեկ ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը՝ շեշտեց, որ ինքը դեռ փոքր հասակից է տարված եղել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, քանի որ իր խորթ հայրը հայ է եղել ու իրենց տանը միշտ հնչել է Խաչատրյանի երաժշտությունը, և իր համար մեծ պատիվ է, որ հենց իրեն բախտ վիճակվեց առաջինը լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարահանել 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկի մասին։
Ի դեպ, նախապես մտադրված են եղել Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված սերիալ նկարահանել, բայց չեն կարողացել Ռուսաստանում գումար գտնել դրա համար և որոշել են դիմել հայաստանցի իրենց գործընկերներին համատեղ լիամետրաժ ֆիլմ ստեղծելու համար։ Կինոռեժիսորը պատմում էր, թե հայկական կողմը ինչ ոգևորությամբ է արձագանքել՝ շեշտելով, որ դա պարզապես իրենց պարտք է մասնակցել ֆիլմի ստեղծմանը։
«Թե՛ սցենարական, թե՛ ռեժիսորական աշխատանքը չափազանց բարդ էր, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած սցենարի հիմքում ընկած է դրամատիկ մի իրավիճակ, իսկ Արամ Իլիչի դեպքում շատ դժվար էր նման պահ գտնել, քանի որ նա չափազանց իմաստուն մարդ էր, թերևս ավելի իմաստուն, քան Ստալինը», - ասաց Յուսուպ Ռազիկովը։
39-ամյա Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորել է Համբարձում Քաբանյանը։ Նա մեծ սիրով ու հաճույքով, ներքին մի կանչով է ընդունել Արամ Խաչատրյանի դերը խաղալու առաջարկը. «Բարդ էր, իհարկե, նաև սարսափելի՝ իսկ կկարողանա՞մ ես արդյոք, բայց եթե չփորձես, չես իմանա՝ կկարողանաս, թե ոչ»։
Իսկ թե ռեժիսորի ընտրությունն ինչո՞ւ էր կանգ առել հենց նրա՝ մոսկովայաբնակ դերասան Համբարձում Քաբանյանի թեկնածության վրա՝ ռեժիսորը հումորով նկատեց. «Ես ուզում էի, որ մեծ կոմպոզիտորին մարմնավորող դերասանը գոնե մի փոքր իմաստուն աչքեր ունենա»
Ուշագրավ է, որ Արամ Խաչատրյանը «Սուսերով պարը» գրել է չինովնիկներից մեկի հրամանով, երբ 1942-ի ձմռանը Լենինգրադի ներկայիս Մարինյան, իսկ այն ժամանակ Կիրովի կոչվող թատրոնի հետ էվակուացվել էր Մոլոտով՝ ներկայիս Պերմ քաղաքը, որտեղ էլ պիտի տեղի ունենար նրա «Գայանե» բալետի պրեմիերան։
Պրեմիերայից ընդամենը մեկ շաբաթ առաջ չինովնիկները նրանից պահանջել են ոչ միայն ամբողջովին փոխել, կրճատել բալետի երաժշտությունը, այլև նոր վերջաբան գրել բալետի համար և ֆիզիկապես ծանր հիվանդ, նաև գրեթե հուսահատության մատնված կոմպոզիտորը մի գիշերում գրում է «Սուսերով պարը», որը մինչև օրս նրա ամենահայտնի գլուխգործոցն է։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ թավշյա հեղափոխության վերջին հինգ օրերին։
Յուսուպ Ռազիկովը պատմում էր, որ դրսում մարդիկ հեղափոխություն էին անում, իսկ իրենք ներսում ֆիլմ էին նկարահանում և հենց այն օրը, երբ հեղափոխությունը հաղթեց, ավարտեցին ֆիլմի նկարահանումները։ «Իսկ փողոցում հազարավոր մարդիկ պարում էին ու թռչկոտում, ամբողջ քաղաքն ասես ուրախությունից խենթացած լիներ, մենք ամեն ինչ նկարել ենք», - պատմում էր կինոռեժիսորը։