Մատչելիության հղումներ

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագրերը


Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ընդհանուր առմամբ 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագրերը: Սրանք բյուջետային աջակցության վարկեր են, ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ այս վարկերը վերցնելու անհրաժեշտությունը նշված է եղել 2019 թվականի բյուջեում։

«Դրա հրատապությունը կայանում է նրանում, որ 2019 թվականի բյուջեի իրականացումն է կարևոր և երկրորդ՝ մենք ունենալու ենք էդ միջոցների բաց, եթե դա տեղի չունենա», - նշեց Հայրապետյանը։

Ընդդիմադիրները քննադատեցին, «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը հարց բարձրացրեց` 2019 թվականն արդեն ավարտվում է, ինչո՞ւ են վարկերն Ազգային ժողովի հաստատմանը հասել այսքան ուշ. «Մենք նոր ենք գիտակցե՞լ, որ սրա կարիքը կա, ինչի՞ սենց արտահերթով ափալ-թափալ բերել ենք էս 4 նախագծերը, ուզում եմ հասկանալ, թե՞ մենք հույս ունեինք, որ սրա կարիքը չի լինելու ու դրա համար ենք հնարավորինս հետաձգել»։

Փոխնախարարն արձագանքեց՝ մինչ այս բանակցում էին վարկատու կազմակերպությունների հետ, կառավարությունը ներկայացրել է իր կողմից կատարվող բարեփոխումների ընթացքը, թե ինչ հայեցակարգեր ու օրենսդրություն է ընդունել, միջազգային բանկերը քննարկել են իրենց խորհուրդներում և միայն վերջերս են հաստատել վարկը: Իսկ վարկի գումարը անհրաժեշտ է հաջորդ տարի հաջող սկսելու համար։

«Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը 21-ին ա հաստատվել նոյեմբերի, Ասիական զարգացման բանկինը՝ 14-ին, մյուսը՝ 11-ին, հետևաբար մենք խնդիր ունենք նաև իրենց հետ համահունչ գնալու», - ասաց Արմեն Հայրապետյանը։

«Բարգավաճ Հայաստանը» ևս կասկածի տակ դրեց այս վարկերը վերցնելու հիմնավորվածությունը, տարօրինակ է, որ բյուջեի ավելցուկի մասին խոսող կառավարությունը տարվա վերջում դարձյալ խոսում է բյուջեի պակասուրդից և նոր պարտք վերցնում՝ հայտարարեց Վահե Էնֆիաջյանը։

«Ամբողջ տարվա կտրվածքով ներկայացրել եք, որ ոչ մի խնդիր չունենք, պրոֆիցիտ ունենք, էսօր տարվա վերջ եկել եք 24 ժամվա ռեժիմով ասում եք, որ դեֆիցիտ ունե՞ք և պետական բյուջեն համալրելու խնդիր ունե՞ք, բա ամբողջ տարվա ընթացքում խի՞ չէիք ասում, որ տարվա վերջ սենց խնդիր ենք ունենալու», - նշեց Էնֆիաջյանը։

Ֆինանսների փոխնախարարն ասում է՝ բյուջեի ավելցուկը արդեն ծրագրել են՝ որտեղ են ծախսելու, չնախատեսված ծախսեր էլ են առաջացել․ օրինակ՝ կառավարությունը սկսել է վճարել գործարարներին ունեցած իր տասնամյակների պարտքերը: Թեև այս տարվա հետ խնդիրներ չունեն, այս վարկերն անհրաժեշտ են 2020 թվականը կայուն սկսելու համար:

«Այո, կարող ենք չվերցնել, բայց դա կունենա ֆինանսական ռիսկեր և ապահովվածության բացակայություն առաջիկա ամիսների համար։ 20 թվականի բյուջեով նախատեսված է 45 միլիարդի տեղափոխում հաջորդ տարի։ Էս պահին էդ 45 միլիարդը չի երևում, ընդամենը 9 միլիարդ է երևում», - ասաց Հայրապետյանը։

ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանին փոխնախարարի բացատրությունները չգոհացրին. «Լավ չի, ուղղակի առաջ ընկնելով ասեմ, որ էդքան էլ վատ չի»։

«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գևորգյանն արձագանքեց՝ ինչո՞ւ է «Բարգավաճ Հայաստանը» այժմ ակտիվորեն քննադատում, մինչդեռ նախկինում կոալիցիայի կազմում նման ակտիվություն չէր ցուցաբերում. «Էդ ժամանակ էստեղ էդպիսի տաք, այսպես ասած, բոցաշունչ ելույթներ շատ քիչ էին հնչում»։

Այս հիշեցումներին Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Մենք ունենք իրավունք տալու այդ հարցերը և մեզ համար բացարձակապես հասկանալի չէ այս ագրեսիան այն կարծիքի հանդեպ, որը չի համընկնում ձեր տեսակետի հետ»։

Փոխնախարարը հավելեց՝ սրանք բյուջետային աջակցման վերջին վարկերն են լինելու, 2020 թվականից արդեն կառավարությունը վարկեր կվերցնի ոչ թե բյուջեի ճեղքվածքը փակելու համար, այլ կոնկրետ ծրագրերի։

«Հրաժարվելու ենք, սա վերջին բյուջետային աջակցության վարկն է և անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը», - ասաց Հայրապետյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսպես ամփոփեց քննարկումը. «Ստեղ էս փաստարկներն իրականում կապ չունեն՝ վերնագիրը վարկային համաձայնագիր է, ընդդիմությունը պիտի քլնգի։ Հիմա էս հարցը դնենք մի կողմ, հիմա ասեմ, էս վարկային համաձայնագրերը ինչքան էլ, որ տարօրինակ հնչեն տնտեսագիտության հետ, իհարկե, կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չէ, էս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է։ Մեր գործերն էնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող», - ասաց Միրզոյանը։

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը ընդդիմության պահվածքը համեմատեց «Թթենի» ֆիլմի Գասպարի պահվածքի հետ: «Հիշում եք չէ՞, որ Գասպարը գալիս է Սամսոնին խնդրում է, որ թողնի, որ իրան ծեծի, որովհետև ինքը տղաներ ունի, որ խայտառակ չլինի, երբեմն ինձ թվում է, թե մեր ընդդիմությունն այդ Գասպարն է, ասում է՝ թողեք էս ամբիոնից կոպիտ բաներ ասենք, հետո, որ մեր մեկումեջ հելնում պատասխան ենք տալիս, ասում են՝ անհանդուրժողականություն, էդ էն ա, որ Գասպարը գնում է միանգամից ոստիկանություն զանգի՝ թե ծեծում են», - նշեց Դանիելյանը։

Միքայել Մելքումյանն էլ ի պատասխան «Եռանկյունի» ֆիլմը հիշեց. «Քաղաքական մեծամասնության անունից, երբ հանդես եկավ, փաստորեն հայտ են ներկայացնում գասպարավարի լողանալու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG