Դատական իշխանությունում այժմ համակարգված կոռուպցիա չկա։ Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ մինչև հեղափոխությունը կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են եղել, կաշառքի կոնկրետ դրույքաչափեր են գործել։
«Վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչև 18 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են: Օրինակ՝ նախկին Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը դրա մասին», - ասաց նախարարը: Հարցին, թե հիմա նմանատիպ դատական համակարգ չկա՞, նախարարը պատասխանեց. - «Ոչ, բնականաբար, համակարգված կոռուպցիա չկա դատական համակարգում»:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հայտարարել էր, թե դատական համակարգի վրա ճնշումներ կան թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնի կողմից: Դրան արձագանքելով՝ արդարադատության նախարարն ավելի վաղ ասել էր՝ եթե Ռշտունին նկատի ունի ներդրվող բարեվարքության մեխանիզմները, որոնք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանում են, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու՝ արդյո՞ք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակության հետ հանդիպումներ է ունենում, հետո դատական նիստերի դահլիճում արդարադատություն իրականացնում։ Կամ արդյո՞ք դատավորը կոռումպացված պաշտոնյայի հետ շփումներ ունի։ Այսօր Բադասյանը վերահաստատեց իր խոսքը՝ պնդելով դատական օրենսգրքում ներառել են և շարունակելու են ներառել դատավորների ստուգման որոշակի մեխանիզմներ, կատարելագործելու են նաև կարգապահական պատասխանատվության ինստիտուտը։
«Ունենալ համակարգ, որը բացառապես կախվածության մեջ է եղել գործադիրից և այդ պայմաններում ևս լռել, և իշխանափոխությունից հետո, երբ որ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ որ մենք ասում ենք՝ եկեք, անկախությունն ապահովենք դատական համակարգի, մենք երբ ասում ենք՝ քաղհասարակություն, եկեք, ներգրավվեք, մեզ հետ արեք դա, և էտ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում զավեշտից բացի, որևէ այլ տպավորություն ինձ մոտ չի թողնում», - հայտարարեց նա:
Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցում էր քրեական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը։ Նկատենք, որ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն արդեն գործող քրեական օրենսգրքում առաջարկել էր Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող նախագիծը, որն անցած ամիս առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: Ըստ օրինագծի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Եթե նույն արարքը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, Զինված ուժերում, անչափահասի ներգրավմամբ և այլն, ապա ավելի խիստ պատիժ է սահմանվում՝ 8-12 տարվա ազատազրկում: Փոփոխման ենթակա քրեական օրենսգրքում այս հոդվածները ևս պետք է տեղ գտնեն։ Ի դեպ, արդարադատության նախարարը կիսում է իրավապաշտպանների շրջանում մտահոգությունն առ այն, որ միայն քրեական արդարադատության շրջանակում քրեական մշակույթի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել։
«Բնականաբար, այդքանով ոչ սկսվում է, ոչ ավարտվում է պայքարը ընդհանրապես քրեական ենթամշակույթի դեմ, ուղղակի առավելապես հանրային վտանգավորություն ունեցող արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել», - շեշտեց նա:
Իրավապաշտպանները փաստաթղթում այլ բացեր էլ են նկատում։ Մասնավորապես, նախագծում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման և դրա վտանգի վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը, կամ որ փաստաթղթում բացակայում է «ընտանեկան բռնություն» հասկացության սահմանումը։
Կանանց աջակցման կենտրոնից Հասմիկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ցավոք, ընտանեկան բռնությունը նորից որպես հանցագործության առանձին տեսակ քրեականացված չէ. - «Ուսումնասիրել, թե ինչպես է միջազգային փորձն արձագանքում նման պարագաներում և համապատասխան այո, մարդու միջազգային իրավունքներին համապատասխան փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և քրեադատավարական օրենսգրքում, որը նույնպես դրված է e-draft-ում»:
Մտահոգություններից մեկն էլ այն է, որ թե գործող քրեական օրենսգրքով, թե նախագծով ցմահ ազատազրկման կարող են դատապարտվել 18 տարին լրացած անձինք: Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր այդ խնդրով քննարկման ժամանակ հարց բարձրացրեց. - «Բանակում կատարված դեպքերը ոչ կանոնադրական հարաբերությունների, սրանք էլ են զոհեր, և ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր հարց է, որ ովքեր դատապարտված են եղել բանակում հանցագործության համար, գոնե նրանց նկատմամբ այդ չափանիշը փոխված լինի»:
Քրեական օրենսգրքի նախագիծը նաև e-draft-ում հանրային քննարկման էր դրված։ 67 տոկոսը կողմ, 33 տոկոսը դեմ է արտահայտվել փաստաթղթին։