Երեկ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժման համար:
Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ քվեարկեցին ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները:
ՆԱՏՕ-ում դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունները կարող են է'լ ավելի սրվել, եթե կյանքի կոչվի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախազգուշացումը: Նա ասել էր, որ պատժամիջոցների սահմանման դեպքում կվտանգվի Թուրքիայում ամերիկյան ռազմակայանների հետագա աշխատանքը:
C-400 զենիթահրթիռային համակարգերի մասին համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել են 2017-ին, սա առաջին նման մեծ գործարքն է ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ։