Մատչելիության հղումներ

«Օրենքն ուղղված է տնտեսության զարգացմանը»․ Թորոսյանը՝ հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու օրինագծի մասին


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ Հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու օրինագիծն ուղղված է տնտեսության զարգացմանը և ոչ թե զարգացման կանգնեցմանը:

«Ես խոսում եմ ոչ թե կոնկրետ բիզնեսների մասին, այլ պետության, որովհետև եթե մենք որևէ արտադրատեսակ, որը վտանգավոր է առողջության համար, և որը բերում է հիվանդացության, հաշմանդամության, մահացության, որը վնասում է տնտեսությանը, որովհետև հիվանդներին պետք է բուժել, հաշմանդամներին պետք է խնամել և նաև չստանալ արդյունք նրանց չաշխատելու պատճառով, մենք այդ ամեն ինչը վերացնում ենք և պետությունը դրանից շահում է: Ծխախոտային արդյունաբերությունն ընդհանրապես աշխարհում մայրամուտ ապրող ինդուստրիա է և կարծում եմ՝ բոլորը դա հասկանում են և այլընտրանքային տնտեսվարման ձևեր են փնտրում նաև արևմուտքում, այլընտրանք չկա դրան, մենք պետք է ունենանք առողջ հասարակություն ոչ միայն Հայաստանում, այլև ողջ երկրագնդի վրա», - ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց, որ օրենքը միտված է մի քանի խումբ քաղաքացիների պաշտպանելու:

«Ազատության» դիտարկմանը, որ կան մարդիկ՝ ասում են, որ էլ այդ ռեստորան չեն գնա, եթե չեն ծխելու, առողջապահության նախարարությունը արձագանքեց․ «Ուրեմն իրանք ընդհանրապես ռեստորան չեն գնա և այդ սպառնալիքը կամ շանտաժը էլի ասում եմ՝ շատ տեղեր լսվել է, բայց որևէ տեղ նման բան տեղի չի ունեցել: Այսինքն՝ եթե ծխելը արգելված է ներսում, բայց թույլատրված է դրսում, դա ընդամենը 5-10 կամ միգուցե 20 քայլ է, որ դուրս գան ծխեն, ինչպես անում են շատերը և Հայաստանը դրանով ոչինչով չի տարբերվում մյուս այն երկրներից, որտեղ, որ դա տեղի է ունեցել և նույն մարդիկ, որ շանտաժի են փաստացի ենթարկում մեզ հենց հիմա ճանապարհորդելիս որևէ երկիր, որտեղ որ դա արգելված է պարզապես անում են այն, ինչ որ ես եմ ասում»:

Թորոսյանը նշեց, որ հիմա նարգիլե մատուցում են սկսած համակարգչային խաղերի համար նախատեսված տեղերից․ «Որտեղ որ դպրոցահասակ երեխաները գնում են խաղալու, բայց ծնողներից թաքուն նարգիլե են սկսում ծխել, վերջացրած ամենալավ ռեստորանում: Մենք ասում ենք, որ մենք չենք մտնում սպառողի և սպառվող ապրանքի միջև, մենք պարզապես ասում ենք՝ փակ տարածքներում ծխախոտային որևէ արտադրատեսակ՝ կլինի դա կլասիկ սիգարետ, կլինի էկետրոնային սիգարետ կամ հատուկ հարմարանքներով նախատեսված ծխախոտի միջոցով պարզապես չի կարելի ծխել»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենսդրական նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG