Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի հիմնադիրը դատի կտա կառավարությանը


«Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը պատրաստվում է դատի տալ կառավարությանը, ասում է՝ նախորդ կառավարությունը 17 տարի շարունակ խախտել է իրենց իրավունքն ու զրկել են հեռուստաեթերից: Պահանջում է, որ նոր կառավարությունն ընդունի նախորդի սխալն ու շտկի իրավիճակը:

«Ա1+»-ը 2003-ից սկսած 7 անգամ մասնակցել ՀՌԱՀ-ի մրցույթներին, բայց այդպես էլ չի հաղթել: Մովսեսյանը դատարան կդիմի պահանջով, որ չեղյալ համարվի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները, դրանից հետո պետությունից փոխհատուցում կպահանջի, թե որքան, դեռ չեն հաշվարկել:

«Ես համարում եմ, որ մենք դրա իրավունքը ունենք՝ փոխհատուցման, որովհետև 17 տարի անընդմեջ մենք աշխատել ենք ծանր պայմաններում, ծանր վիճակում, ունեցել ենք մեծ կորուստներ և՛ տեխնիկական, և՛ մարդկային ռեսուրսի կորուստներ, և՛ ֆինանսական կորուստներ և այդ ամեն ինչը պետք է վերականգնվի, որ հավասարը հավասարի հետ կարողանանք մասնակցել մրցույթին», - ասաց Մովսեսյանը:

«Ա1+»-ի հիմնադիրը հիմա է որոշել արդարությունը վերականգնելու ճանապարհը բռնել, որովհետև ասաց՝ երկրում իրավիճակ է փոխվել, դատարաններն, ըստ նրա, հրահանգներ չեն կատարում ու հույս ունի, որ արհեստական խոչընդոտներ ստեղծողների ձեռքերն արդեն հեռու են, խոսքն էլ արժեք չունի:

Մեսրոպ Մովսեսյանն ասում է՝ «Ա1+ը տարիներ առաջ փակվեց Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, ժամանակն է, որ անգամ հեռուստաընկերության դեմ որոշումներ ընդունած այդ նույն դատավորներն այսօր ինքնամաքրման ճանապարհ անցնեն»:

«Բացառվում է հրահանգը, ես կարծում եմ, և դատավորներն էլ իրենց, այսպես ասած նախորդ փչացած իմիջը պետք է արդեն շտկեն ինչ-որ մի ձևի: Սա լավ տարբերակ է մաքրելու անցյալը իրենց, դաշտն արդեն մաքրվել է, այսպես ասած, գիշատիչների որոշումներն արդեն առ ոչինչ են բոլորիս համար, նույնը պետք է ամրագրվի դատարանով», - նշեց Մեսրոպ Մովսեսյանը:

Թեև իշխանությունը՝ անգամ երկրի վարչապետը, հաճախ են հայտարարել, որ դատական համակարգում դեռ հեղափոխություն չի եղել, այդուհանդերձ «Ա1+»-ի հիմնադիրն ասում է՝ իրենց դատը չպետք է քաղաքական լինի: «Ա1»-ի փաստաբանական խումբն այսօր խնդրի առաջ է կանգնել՝ ՀՌԱՀ-ի որոշումները չկան, ոչնչացվել են:

«Արխիվում չի պահպանվել որևէ փաստաթուղթ, որը հիմնավորում է ՀՌԱՀ-ի որոշումները, կան ակտերը, որ պարտվել ենք, բայց ի՞նչ պատճառով ենք պարտվել, ապացուցելը բարդություն է այսօր մեզ համար և հիմա փաստաբանական խումբը զբաղվում է հայթայթելու ինչ-որ տարբեր տեղերից էն, ինչ որ հնարավոր է գտնել, էն, ինչ որ հնարավոր է կցել գործին, որովհետև դա, ինձ թվում է, արվել է միտումնավոր, որովհետև բոլորին էլ արդեն շուտվանից պարզ է հենց առաջին օրվանից, որ եղել է մրցույթի խախտումներ և այդ փաստաթղթերը ոչնչացվել են:

Մեսրոպ Մովսեսյանը պատմում է՝ ինչպես ու ինչու հեռուստաեթերից զրկվեց «Ա1+»-ը․ «Քոչարյանը շատ է սիրում իշխել ամեն տեղ, թոշակի էլ լինելով ուզում է էլի ինչ-որ դիրքեր իշխի, ինչ-որ թիմ ունենա, ինչ-որ թիմի վրա իշխի, էդ թիմն ինչ-որ խոչընդոտներ սարքի կառավարության համար, ձախողի ինչ-որ բաներ: Դա իրա աշխատաձևն է, աշխատաոճն է, և ինքը չէր սիրում ոչ թե կոնկրետ «Ա1+»-ը, այլ կոնկրետ իմ անձը դուր չէր գալիս այն առումով, որ չէի սիրում ենթարկվել և չէի էլ ենթարկվի, երբ որ ինքը հասկացավ, որ ուրիշ ճանապարհ չկա էդ որոշումը կայացրեց, որ հարկավոր է փակել վերջ: Պարոն Ամալյանը ստանալով հրահանգ վերևից պատրաստակամությամբ կատարեց այդ հրահանգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG