Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Եհովայի 22 վկաների գործով դատավճիռը, որով Հայաստանին պարտավորեցրել է հայցվորներին վճարել 242 հազար եվրո։
«Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործը 7 տարվա վաղեմության է։ Տղաների բողոքն այն է, որ խախտվել է իրենց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Երիտասարդները դեռևս 2012-ին դատապարտվել ու ազատազրկվել էին 2.5 տարով։
«Եհովայի վկաներ» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանն ասում է՝ մինչև 2013 թվականի բարեփոխումները բազմաթիվ երիտասարդ վկաներ են դատապարտվել պարտադիր զինծառայությունից խուսափելու կամ կամ այլընտրանքային զինծառայության վայրը լքելու համար. դատարանի այս որոշումը հերթականն է։
«Երբ երիտասարդներն իրենք իմացան, որ իրենց աշխատանքը բնույթով քաղաքացիական էր, բայց իրենք չէին գտնվում, այսինքն՝ չէին կարողանում մասնակցել իրենց հոգևոր հանդիպումներին, ազատ չէին, գտնվում էին Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, և նրանց հետ վերաբերվում էին որպես զինվորների, ուստի որոշեցին հրաժարվել այդ ծառայությունից և թողեցին իրենց ծառայությունը, ինչի համար նրանց այդ ժամանակ էլ ազատազրկեցին», - պարզաբանեց Տիգրան Հարությունյանը։
Եհովայի վկաները դատվում ու ազատազրկվում էին 2 պատճառով՝ նախ նրանք հրաժարվում էին պարտադիր զինվորական ծառայությունից, ապա երբ այլընտրանքային ծառայության մասին օրենքն ընդունվեց, վկաները այն համարեցին խտրական, ստորացուցիչ և խմբերով սկսեցին լքել ծառայության վայրերը։ Նրանք գերադասում էին դատվել, քան ծառայել։ Եվրոպական դատարանի վերջին՝ «Աղայանի ու 21»-ի գործը հենց այս շարքից է։
«Փաստաբանը Չեմ Ռեդին է եղել, կանադացի, միջազգային կարգի փաստաբան», - հայտնեց Հարությունյանը։
24 հազար համախոհ ունեցող «Եհովայի վկաներ» կազմակեպության ներկայացուցիչն ասում է՝ այժմ ՄԻԵԴ-ում մնացել է 1 գործ, որ վստահ են՝ էլի շահելու են։
Փաստաբան Արա Ղազարյանը, որ տարիներ շարունակ հետազոտել է վկաների գործերը, ասում է՝ կրոնական համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվելը որպես իրավունք Եվրոպական դատարանը սահմանել է հենց Հայաստանում դատապարտված վկաների նախադեպով. - «Տասնամյակներ շարունակ պարտադիր զինվորական ծառայությունից հավատքի հիմքով խուսափելը որպես իրավունք չէր համարվում, բայց հենց Բայաթյանի գործով Եվրոպայում ստեղծվեց նոր իրավունք, որ երբեմն անձի մոտ կարող է ներքին այնպիսի կոնֆլիկտ առաջանալ՝ մի կողմից սահմանադրական պարտականության՝ բանակում ծառայելը, մյուս կողմից՝ նրա խղճի և հավատքի ազատության, այն է՝ զենք չվերցնել, համազգեստ չկրել։ Կոնֆլիկտը կարող է այն աստիճանի ուժեղ լինել, որ կարող է ներառել մարդու հիմնարար իրավունքը», - նշեց Արա Ղազարյանը։
Ըստ նրա, Եվրոպական դատարանի այս վճիռը Հայաստանի վրա 242 հազար եվրո է նստում, և համակարգային առումով այն մեզ ոչինչ չի տալու, քանի որ խնդիրն արդեն 6 տարի է՝ լուծված է, այլընտրանքային ծառայության մասին օրենքով վկաները կարող են անցնել աշխատանքային ծառայության՝ այն զենքի հետ կապ չունի և պաշտպանական գերատեսչության վերահսկողության ներքո չէ։ Փաստաբանն ասում է՝ շատ էին տագնապները, թե այս ծառայությունը կազդի բանակի մարտունակության վրա, պարզվեց՝ ամենևին ոչ։
«Դա տեղի չունեցավ, ըստ էության։ Հիմա այդ համակարգը կա, բայց մենք դրա մասին չենք լսում, խնդիրներ չկան», - նկատեց Արա Ղազարյանը։
Կային մտահոգություններ նաև, թե երիտասարդները վկա կձևանան ու համատարած կխուսափեն բանակից, դա էլ տեղի չունեցավ։ Այսօր Հայաստանում ընդամենը 130 երիտասարդ է այլընտրանքնային ծառայության, բոլորը Եհովայի վկաներ են։ Նրանք տարբեր հաստատություններում զանազան գործերով են զբաղված՝ խնամում են տարեցներին, հոգեկան հիվանդություն ունեցողներին կամ կանաչապատման ծառայությունում են։
Նրանցից Էմիլ Աբրահամյանը 2 տարի և 10 ամիս է, ինչ այլընտրանքանյին ծառայության է թիվ մեկ տուն-ինտերնատում։ Ի տարբերություն զինվորական ծառայության՝ նրանք 3 տարի են ծառայում, բայց Էմիլը շատ գոհ է. - «Մենք պետությանը շնորհակալ ենք, որ էս ծառայությունն եղավ, որովհետև սրանից առաջ մեր ախպերները 2 տարի բանտ էին նստում դրա պատճառով, որ հրաժարվում էին գնալ բանակ, բանտ էին նստում, ազատազրկվում էին 2 տարի, շնորհակալ ենք, որ այս այլընտրանքային ծառայությունը կա, գոնե էս ձև մեր պետության պարտքը տալիս ենք էլի»։
Տուն-ինտերնատում 6 վկա է ծառայում, նրանք այստեղ են գալիս առավոտյան 9-ին և 6-ին տուն վերադառնում։ Էմիլն ասում է՝ ունի սահմանին մարտական ծառայություն անցած ընկերներ, փոխադարձաբար հարգում են միմյանց իրավունքները։ Առաջնագծում երբեք չի եղել, բայց զգում է՝ այնտեղ ծառայողների գործն ավելի դժվար է. - «Էնի ավելի ծանր կլինի, էն որ մենք տուն ենք գնում, էտի արդեն բան ա, բայց մերն էլ որ հաշվենք, որ 3 տարի է, էտ ա էլի բանը», - շեշտում է Էմիլ Աբրահամյանը։
Վերջինիս ու նրա 5 հավատակիցների առաջնագիծը տատիկ-պապիկներն են, երբ պետք է, նրանց հիվանդանոց են ուղեկցում, սայլակով տարեցներին պտտեցնում, հիմնականը ֆիզիկական աշխատանքն է։
Տարեցները նրանցից գոհ են։ Անահիտ Թադևոսյանն ասում է. «Ճաշերը բերում են, անկողինները տեղափոխելու հարց է, ինչ-որ բեռներ, բաներ, խելոք տղաներ են, անշառ, Եհովայի վկարներ են իրենք, իհարկե, բայց լավ տղաներ են, խելացի»։
Ռազմիկ Բաղդասարյանն էլ հավելում է. - «Շուտ-շուտ վազում, անում, տանում-բերում են, խոնարհ, լավ»։
«Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանն ասում է՝ իրենք իրենց վկաներին չեն արգելում զինվորական ծառայության գնալ, նման ուսմունք չունեն, տղաներն իրենք են այդպես որոշում։
«Աստվածաշունչն ուսումնասիրելով գալիս են այն հետևության մարդիկ, որ իրենց խիղճը դաստիարակում է այնպես, որ իրենք արդեն նման որոշում են կայացնում», - ասաց Տիգրան Հարությունյանը՝ հավելելով, որ չգիտի կազմակերպության այնպիսի ներկայացուցիչների, որ մարտական ծառայություն են անցնում։
Տղաները պնդում են, տատիկ-պապիկները հաստատում՝ տուն-ինտերնատում վկաները քարոզով չեն զբաղվում։ Էմիլը լսել է՝ տարեցների մեջ մի վկա տատիկ կա, բայց չի ծանոթացել, գործը շատ է, ժամանակ չկա։