Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու նախագիծը


Ազգայինն ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս նախագծով առաջարկվում է ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն տալ։

Գործող օրենքով ոստիկանությունն այդ հնարավորությունը ստանում է միայն ԱԱԾ-ին դիմելուց հետո։ Այն հեղինակել են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը։ Նախագծին կողմ են քվեարկել իշխող «Իմ քայլը» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկել։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի գալիք տարում։ Հատկանշական է, որ իշխանական պատգամավորների նախագծին դեմ է կառավարությունը։ Ազգային ժողովում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հիմնավորել էր, թե ոստիկանության բարեփոխման գործընթացը դեռ չի ավարտվել և այդ տեսանկյունից այն ռիսկային է։ Փոխնախարարը կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին։

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը՝ օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ և ունի օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում։

Ըստ նախագծի, այդպիսով կխուսափեն ԱԱԾ-ին դիմելու վարչարարությունից, որը ժամանակատար է։ Իշխանական պատգամավորների այս նախաձեռնությանը դեմ է կառավարությունը։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց՝ չբարեփոխված ոստիկանությունում ռիսկային է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG