Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը


արխիվային լուսանկար
արխիվային լուսանկար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի: Զեկույցում նշված է, որ կառավարությանը քննադատող լրագրողներն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են տարբեր մեղադրանքներով: Հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց հայացքների համար ձերբակալված բոլոր մարդկանց:

Նա նաև կոչ է արել մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող անօրինական խոչընդոտներ չստեղծել: Տասնյակ լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների արգելված է դուրս գալ Ադրբեջանի սահմաններից:

Արձանագրելով, որ զրպարտությունը Ադրբեջանում դեռ համարվում է քրեորեն պատժելի արարք, զեկույցը կրկին պնդում է, որ այն պետք է ապաքրեականացվի:

Տեղեկատվական ոլորտին առնչվող 2017-ի օրենսդրական լրացումները իշխանություններին հնարավորություն են տվել արգելափակել ինտերնետային կայքերը, որոնց տեղեկատվությունն ըստ իշխանությունների՝ սպառնում է պետության և հանրության անվտանգությունը:

Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում փաստաբանների սուր պակաս կա, հատկապես մարզային քաղաքներում: Նա նաև մտահոգություն է հայտնել ցուցաբերվող իրավական օգնության որակի հետ կապված:

Զեկույցում ներկայացված է նաև Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունը: Իշխանությունների կարծիքով զեկույցի որոշ գնահատականներ չեն արտացոլում Ադրբեջանում մարդու իրավունքների իրական իրավիճակը, իսկ որոշ գնահատականներ նույնիսկ ճիշտ չեն:

Զեկույցը կազմվել է հանձնակատարի պատվիրակության հուլիսի 8-12-ը Ադրբեջան կատարած այցի փաստահավաք առաքելության տվյալների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG