Մատչելիության հղումներ

Կառավարության հաջողությունը՝ կոռուպցիայի նվազումը, ձախողումը՝ վատ կառավարումը, փաստում է ՄՀԻ-ի հարցումը


Հասարակության մեծ մասին շարունակում է բավարարել իշխանությունների աշխատանքը՝ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նոր հարցման։

Այսպես, հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գրասենյակի աշխատանքը, իսկ 63 տոկոսն էլ գոհ է Ազգային ժողովի աշխատանքից։ Հայաստանցիների մեծ մասը նաև լավատես է երկրի ապագայի վերաբերյալ, քիչ տարբերությամբ շատ են այն քաղաքացիները, որոնք համարում են, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղով։

Հենց նույն հարցերն այսօր «Ազատությունը» քաղաքացիներին տվեց։

«Թերություններ, իհարկե, կան կշտկվեն ժամանակի ընթացքում։ Ցանկացած իշխանափոխությունից, ցանկացած հեղափոխությունից հետո մի քանի տարի երկրում տիրում է տարերային իրավիճակ, որին պետք է ըմբռնումով մոտենալ», - եղավ քաղաքացիներից մեկի պատասխանը։

Մյուսն էլ այսպես արձագանքեց հարցին. - «Մի փոքր դժգոհ եմ, սպասելիքներն ավելի շատ էին ճիշտն ասաց։ Ինձ թվում է՝ մի փոքր դանդաղանում ա գործը»։

Մյուսներն էլ նկատում են. - «Հիասթափություն չկա, էնպես չի, որ նստեր, պետք ա հրաշքներ կատարվեին, չէր լինելու»։

«Մեկուկես տարում այնքան դրական բան եմ տեսել, որ դժգոհություն չեմ կարող արտահայտել ոչ մի ասպարեզում»։

Քաղաքացիները նաև նշում են, որ հույսով սպասում են ավելի առաջընթացների։ Նրանցից մեկն էլ նշեց՝ անձամբ իր վրա փոփոխություն չի զգում։

Քաղաքացիների 30 տոկոսը կառավարության ամենամեծ հաջողությունը համարում է կոռուպցիայի նվազումը, 19 տոկոսը՝ մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը, իսկ 13 տոկոսը՝ ժողովրդավարության հաստատումը, գրեթե նույնքան մարդ էլ կարծում է, որ կառավարության ձեռքբերումներից է նաև Հանրապետական կուսակցության ձախողումը։

Միջազգային հանրապետական ինստիտուտում նկատում են, որ չնայած լավատեսության դրսևորումներին, միտում է զգացվում՝ կան ի հայտ եկող մի շարք հանրային մտահոգություններ։ Օրինակ՝ շարունակում է ավելանալ այն քաղաքացիների թիվը, որոնք մատնանշում են աշխատատեղերի ստեղծումը, սոցիալ-տնտեսական խնդիրները։ Աճել է նաև այն մարդկանց թիվը, որոնք կառավարության ամենամեծ ձախողումը համարում են վատ կառավարումը. նրանց թիվը 27 տոկոս է՝ 5 տոկոսով ավելի նախորդ՝ մայիսին անցկացված հարցման տվյալներից։

Կառավարության ամենամեծ ձախողումների թվում քաղաքացիները նաև չիրականացված խոստումներն ու քաղաքական անկայունությունն են նշել։ Հայաստանի ողջ տարածքում 1200 քաղաքացիների շրջանում և սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության շրջանում կառավարության հակակոռուպցիոն ջանքերը վայելում են մեծ աջակցություն, և հասարակության մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի նկատմամբ։

Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն ասել է, որ Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վերջերս ներկայացված մեղադրանքները ցույց են տալիս, թե որքան լուրջ է եղել կոռուպցիայի խնդիրը նախկին վարչակարգի ժամանակ. - «Ոգևորիչ է տեսնել, որ հարցման արդյունքներն արտացոլում են նոր կառավարության հակակոռուպցիոն ջանքերի դրական ընկալումը», - ասել է նա։

Հարցվածների 82 տոկոսը գտնում է, որ դատական բարեփոխումը պետք է լինի կարևոր առաջնայնություն, իսկ 60 տոկոսը ցանկանում է տեսնել այնպիսի անցումային արդարադատության համակարգ, որը կքննի նախորդ վարչակարգի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր խնդիր՝ կոռուպցիայից ու ապօրինի հարստացումից մինչև մարդու իրավունքների խախտումներ և ընտրակեղծիք։

«Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեիք» հարցին, քաղաքացիների 55 տոկոսը իշխող «Իմ քայլին» է նախընտրություն տվել, նախորդ հարցման ժամանակ իշխանական խմբակցության վարկանիշը 4 տոկոսով ավելի բարձր է եղել։ «Իմ քայլ»-ից հետո «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 19 տոկոս, իսկ հետո՝ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6 տոկոս ցուցանիշով։ Հարցվածների 59 տոկոսը ասել է, որ երբեք չի քվեարկի նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցությանը, և միայն 4 տոկոսն է համաձայն իր քվեն տալ ՀՀԿ-ին, իսկ 17 տոկոսը Հայ հեղափոխական դաշնակցությանն իր քվեն չի տա, նրանցից միայն 3 տոկոսն է պատրաստ իր քվեն տալ ՀՅԴ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG