Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ասլան Իրասխանովի, Պակիստանի ոստիկանության մի ներկայացուցչի ու ևս 18 անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ:
Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ Իրասխանովը ներգրավված է մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, մասնավորապես, «ըստ հավաստի տեղեկությունների, պատասխանատու է 27 մարդու մահապատժի ենթարկելու համար՝ առանց պատշաճ դատական քննության»: Իրասխանովի և նրա ընտանիքի անդամների մուտքն ԱՄՆ արգելվել է:
Ռուսաստանի կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր՝ պատժելու պաշտոնատար անձանց, որոնք ներգրավված են առանց դատ ու դատաստանի մահապատիժներ իրականացնելու, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների մեջ, նաև նշված է հայտարարությունում: