Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է «Հայկական որմնանկարչություն» խորագրով ծավալուն գիտական ժողովածուն, որտեղ առաջին անգամ համապարփակ ներկայացված է հայ որմնանկարչության պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Ժողովածուն ընդգրկում է հայ որմնանկարչության մասին տարբեր գիտնականների, այդ թվում և Կարեն Մաթևոսյանի 18 հոդված և շուրջ 200 լուսանկար։
«Ազատություն» հետ զրույցում Կարեն Մաթևոսյանը նշեց․ «Ես այս ձեևաչափն ընտրեցի, որովհետև հայ որմնանկարչության պատմություն ամբողջական շարադրանք միչև այժմ գոյություն չունի և հույս ունեմ, որ առաջիկայում այդպիսի մի աշխատություն կստեղծվի: Ես նախաձեռնեցի այս գործը, որպեսզի հնարավոր լինի մեկտեղել, հավաքել հայ որմնանկարչության մասին բոլոր հիմնական նյութերը, հիմնական տեղեկությունները, ներկայացնել այն վայրերը, հուշարձանները, որոնք ունեն որմնանկարներ, որոնք բավական մեծ թիվ են կազմում»:
Մաթևոսյանն ասաց՝ կարելի է ասել՝ հայկական որմնանկարչության պատմությունը «Էրեբունիից է սկսվում», քանի որ դեռևս ուրարտական շրջանից ունենք որմնանկարչություն․ «Այս մշակույթը Հայաստանում շատ հին արմատներ ունի, բայց, իհարկե, դրա զարգացումը կապվում է միջնադարյան շրջանի հետ, քրիստոնեական արվեստի հետ, երբ որ Հայաստանում կառուցեցին եկեղեցիներ և դրանք սկսեցին նկարազարդել ինչպես որ քրիստոնեական մյուս եկեղեցիները Բյուզանդական կայսրությունում և այլ տեղերում: Պետք է ասել, որ հայ որմնանկարչությունն այդքան մեծ թիվ չի կազմում մեր եկեղեցիների մեջ, ինչքան, որ ասենք, բյուզանդական, եվրոպական կամ ռուսական եկեղեցիներում, որովհետև պատճառը հետևյալն է, որ, օրինակ, Օրթոդոքս եկեղեցում սրբապատկերը կամ որմնանկարը եկեղեցական ծեսի մաս են կազմում, իսկ հայ եկեղեցում այդպես չէ, դրա համար որմնանկար ունենալ չունենալու հարցը եղել է պատվիրատուի հայեցողությանը թողնված»:
«Ազատության» հարցին, թե ո՞ր պատմամշակութային կառույցում են լավագույնս պահպանված որմնանկարներից մի քանիսը, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրենը պատասխանեց․ «Այսօրվա դրությամբ մեր լավ պահպանված որմնանկարներից համեմատաբար պահպանված Լմբատավանքի որմնանկարները 7-րդ դարի, Արթիկի մոտ գտնվող մի եկեղեցի է: Շատ հետաքրքիր պատկերագրությամբ, որտեղ աստվածահայտնության տեսարան է: 10-րդ դարի որմնանկարների մեջ ամենից լավ պահպանված է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու որմնանկարներն են, որովհետև ամբողջովին որմնանկարազարդ է և փառք Աստծու, լավ է պահպանվել»: