Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը նախօրեին իր ընկերոջը ծեծի ենթարկելու միջադեպը կապում է Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին ուղարկված ծաղկեպսակի մասին իր գրառման հետ: Ասում է՝ ընկերոջը ծեծելուց բացի սպառնալիքներ են հնչել նաև իր հասցեին:
«Երեկոյան ընկերներով հանդիպել էինք, իմ ընկերներով և տուն գնալուց հետո ընկերներիցս մեկը մնում է մենակ և այդ ընթացքում մտնում է վաճառատուն առևտուր անի և դուրս գալուց մոտենում են երկուսով բա՝ «Սարուխանյանի ընկե՞րն ես», իմանալով, այո, պատասխանը սկսում են հարվածել: Վերջում էլ արդեն այդ ամեն ինչից հետո՝ «կգնաս կփոխանցես, որ հաջորդն ինքն ա», - ասաց Կարեն Սարուխանյանը:
Երեկ երեկոյան ոստիկանները բերման են ենթարկել ու ձերբակալել «Շեկո» մականունով Գարիկ Ուզունյանին: Ընդդիմադիր հայացքներ ունցող Գարիկ Ուզունյանի ընկեր, Կարապետ Պողոսյանը, ում մեքենայից են բերման ենթարկել Ուզունյանին, ասում է՝ իրենք ոստիկանությանը տեղեկացրել են, որ Երևանում են գտնվում, վերադառնալուն պես կներկայանան: Սակայն, ըստ Կարապետ Պողոսյանի, քաղաք մտնելուն պես Գարիկ Ուզունյանին իր մեքենայից «գողացել են»:
«Հասել ենք Գյումրի, հենց քաղաքի մատույցների մոտ ճանապարհային ոստիկանն է կանգնացրել խնդրել է իմ վարորդական իրավունքը և փաստաթուղթը, մինչ ես փաստաթղթերը ներկայացնում էի ճանապարհային ոստիկանությանը քաղաքացիական հագուստով, առանց որևէ տարբերանշանով անձինք առանց ներկայանալու կամ որևէ փաստաթուղթ ցույց տալու մեքենայի մեջից գողացան Գարիկին», - ասաց Պողոսյանը:
Կարապետ Պողոսյանը չի հերքում, որ վիճաբանություն եղել է, բայց պնդում է՝ այն քաղաքական չէ, այլ կենցաղային: «Միջադեպը եղել է կենցաղային մակարդակի միջադեպ», - նշեց Պողոսյանը:
Այնինչ պատգամավորը փաստում է, որ ընկերոջը ծեծի ենթարկելու ընթացքում նաև իշխանությունների հասցեին են արտահայտվել:
«Այնտեղ մի քանի անգամ շեշտել են և նշել են հենց իմ անունը, գործող իշխանությունների հասցեին են հայհոյանքներ հնչեցրել և ներկայացրել, որ Ռոբերտ Քոչարյանն այդ «Շեկոյի» քեռին է», - ասաց պատգամավորը:
Միջադեպն, ըստ Կարեն Սարուխանյանի, արձանագրել են վաճառատան տեսախցիկները:
Այս ամենն ունի նախապատմություն․ դեկտեմբերի 7-ին ամեն տարի Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվում Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ, որին Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն անդրադարձել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը՝ այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում... Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն տղերք, սա Գյումրին է, գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզ ճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով... »:
Կարապետ Պողոսյանը նշում է, որ իրենք որևէ կապ չունեն ծաղկեպսակի հետ, դա Քոչարյանի գրասենյակի գործառույթն է: Կարեն Սարուխանյանն էլ պնդում է, թե իր գրառումից հետո Կարապետ Պողոսյանը և Գարիկ Ուզունյանը միջնորդավորված փորձել են իր հետ հանդիպել:
«Ես փոխանցեցի, որ այս պահին զբաղված եմ, համենայն դեպս թող հետևեն իմ ֆեյսբուքյան էջին, ես պաշտոնական հանդիպման օր կնշանակեմ քաղաքացիների ընդունելության, թող գան, համենան, կհանդիպենք», - ասաց Սարուխանյանը:
Կարապետ Պողոսյանը հերքում է, թե իրենք պատգամավորի հետ հանդիպում են փնտրել:
Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, ապա ըստ նրա, փորձում են գործ սարքել․ «Շատ արագ ինչ-որ մի հատ գործ են թխել ու փորձել են դա որակել որպես խուլիգանություն»:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Գարիկ Ուզունյանին պատկանող «Կռունկ» սննդի կետում ոստիկանների մասնակցությամբ էր տեղի ունեցել միջադեպ և, ըստ Կարապետ Պողոսյանի, սա դրա տրամաբանական շարունակությունն է: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշով հարուցվել է քրեական գործ: