Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակների բանակցությունների 14-րդ փուլը:
Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Այբեկ Սմադյարովն ասել է, որ երեք երկրների բանագնացներն արդեն ժամանել են Նուր-Սուլթան:
Օրակարգում Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումն է: Բանագնացները քննարկելու են ետպատերազմական սահմանադրության նախագծի, քաղաքական անցումային շրջանի, անվտանգության և փախստականների վերադարձի ու վերաբնակեցման խնդիրները:
Այս ձևաչափով երեք պետությունների դիվանագետների և փորձագետների առաջին քննարկումներն անցկացվել են 2017 թվականին: