«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Հայաստանի Քննչական կոմիտեից։
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք:
Ըստ հաղորդագրության՝ տնօրենի պաշտոնակատարը, այս տարվա նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց, պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը) և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: