Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ:
«Ուրախ եմ, որ այսօր երեկոյան մեր հերթական հանդիպումն ենք անցկացնում և, կարծում եմ, այն երկուստեք կարևոր է: Ուրախ կլինեմ՝ քննարկելու բոլոր հնարավոր խնդիրները, հարցերը, որոնք այսօր էական են և՛ մեր երկրի, և՛ մեր ժողովրդի համար, ինչպես նաև Ձեզնից լսել կառավարության հաջողությունների մասին, կամ եթե կան ինչ-որ ոլորտներ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ինչպես գիտեք, միշտ պատրաստ եմ», - ասել է Արմեն Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատել է. - «Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ, և վերջին ամիսներին, կարծում եմ՝ և՛ Դուք, և՛ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը»։
Նրանք նշել են, որ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան հարգանքի տուրք են մատուցել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարևոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։ Նաև տարին է ավարտվում, շատ կարևոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։
Երկու-երեք օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքն ընդունվեց, և ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք», - հավելել է վարչապետը։
Արմեն Սարգսյանը ևս կարևորել է պետության կայունության, զարգացման, անվտանգության հիմնական գործոններից մեկը՝ ներդաշնակ աշխատելը միասին:
«Ձեզ հետ համաձայն եմ նաև այն մասով, որը վերաբերում է Եղեռնի ճանաչմանը: Եղեռնի ճանաչումը ինքնանպատակ չէ և ունի մի քանի իմաստ: Կարևորագույններից մեկը մեր ազգային անվտանգությունն է:
Տարեվերջ է, և պետք է ի մի բերել հաջողությունները, դժվարությունները, որոնք եղել են, կամ գուցե սխալները, ինչպես նաև՝ ծրագրել մյուս տարին: Շատ էական է, որ մյուս տարին լինի հաջող տարի: Այն շատ էական տարի է: Տարի է, որի ընթացքում մեր պետական կառույցների միջև համագործակցությունն ավելի կխորանա, մենք ավելի մեծ հաջողություններ կգրանցենք և ավելի վստահ կնայենք դեպի ապագա», - ընդգծել է նախագահը: