Մատչելիության հղումներ

Դատախազություն. Խախտվել են «Հարավկովկասյան երկաթուղու» և ՀՀ օրինական շահերը


Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կառավարության որոշման հիման վրա Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երևանի Սևանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:

Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից և օտարելու նպատակով ամրացվել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին: Պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:

Եվ չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը, և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը և հողամասը:

Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ ՀՀ օրինական շահերը՝ քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG