Մատչելիության հղումներ

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժից տուժածների հիշատակին, եղել` նորակառույց բնակարաններում


Այսօր՝ 88-ի երկրաշարժի տարելիցի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի ամենաշատ տուժած համայնքներ էր այցելել։ Եղավ նորակառույց բնակարաններում, հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին։ Սպիտակ քաղաքում մասնակցեց Հայաստանի ազգային հերոս, աղետի գոտու վերականգնմանը մեծ ներդրում ունեցած, Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացմանը։

Երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտում նրան մոտեցան աղետից տուժած բնակիչներ, ովքեր ավելի քան 30 տարի տնակներում են։ Գյուղացիներից մեկը պատմեց՝ անելանելի վիճակում է։ Երկրաշարժից անմիջապես հետո պետությունից գումար են ստացել՝ որպես փոխհատուցում։ Վշտի մեջ գտնվող մարդիկ գումարը բանկերում են տեղավորել՝ ավելի ուշ իրենց տունը կառուցելու համար։ Բայց խորհրդային ռուբլին արժեզրկվել է, դրամ դարձել ու բազմաթիվ ընտանիքներ դատարկաձեռն են մնացել։

Նույն խնդիրը կա նաև այլ բնակավայրերում։ Սպիտակցի Սերժիկ Աբրահամյանը երկրաշարժին կորցրել է ամբողջ ընտանիքն ու տունը։ «Ազատությանն» ասաց՝ պետությունից գումար է ստացել ու դուրս մնացել բնակարանի կարիք ունեցողների ցուցակներից։ Բայց բանկերում մնացած գումարն այդպես էլ չի ծառայել իր նպատակին։

«30 տարի է անցել է․ Սպիտակում միչև այսօր դոմիկ տնակում ենք ապրում: Փող են տվել իբր թե, էդ էլ խլել են ձեռներիցս», - ասաց Աբրահամյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակամուտում ասաց, որ կառավարության ձեռքի տակ եղած հերթացուցակներում այսօր 453 ընտանիք կա։ Նրանց կեսն այս տարի բնակարանների գնման վկայագրեր են ստացել։ Մյուս կեսին բնակարանով ապահովելու համար կառավարությունը երեք միլիարդ կհատկացնի տներ կառուցելու համար։ Բայց սրանով պետությունը ձեռքերը չի լվա ու խնդրից մի կողմ չի քաշվի։

«Էս պահի դրությամբ ուրիշ քաղաքացի չկա, որ արձանագրվի, որ պետությունը իրանց բան ա պարտք: Հիմա մենք չենք բացառում, ոչ թե ասում ենք՝ վերջ, թեման 100 տոկոս փակվեց, ասում ենք հետևյալը՝ մի հատ էլ նորից էն քաղաքացիները, ովքեր կասեն, որ գիտեք ինչ-ինչ պատճառով մեր նկատմամբ անարդար է, ճիշտ չի իրականում, իրանց թղթերն էլ կանյենք, կտարբերենք իրոք կա այդ պարտավորությունը, թե չկա, որովհետև մարդ կա, որ ստացել է փողը, տունը առել է, հետո վաճառել է ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Նրանց նկատմամբ, ով կպարզվի, որ ունենք պարտավորություն, կհասկանանք իրանց հարցը, լուծում տալու համար պետք է պարտավորություն ունենանք: Եթե պարտք չենք ինչի՞ տանք, եթե պարտք ենք՝ տանք», - ասաց վարչապետը:

Երկրաշարժից հիմնովին ավերված Սպիտակում այսօր 1200 տնակներում բնակվող ընտանիքներ կան, որոնք, սակայն, չեն համարվում աղետից տուն կորցրածներ։ Նրանք խորհրդային ռուբլիով փոխհատուցումն ստացածներն են, տրոհված կամ նորաստեղծ ընտանիքները։ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն «Ազատությանն» ասաց՝ կառավարությունում քննարկվում է այս ընտանիքներին բնակարաններով ապահովելու հնարավորությունները։

«Դեռ որևէ եզրահանգման չենք եկել, բայց քննարկումները ակտիվ են», - ասաց Սահակյանը:

«Ազատության» հարցին, թե այսօր պետությունը նրանց բոլորի նկատմամբ պարտավորություն ստանձնո՞ւմ է, Սպիտակի ղեկավարը պատասխանեց․ «Եթե նայենք էն չափորոշիչները, որոնք գործել են նախկինում, ոչ, բայց, եթե նայենք այլ տեսանկյունից, որ մարդիկ անօթևան են, իհարկե, պետությունը պարտավորություն ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG