Մատչելիության հղումներ

Մասնագետները Սպիտակի երկրաշարժը համարում են ամենաուսումնասիրվածներից մեկը


Լուսանկար 1998թ․ դեպտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից, Սպիտակ, արխիվ
Լուսանկար 1998թ․ դեպտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից, Սպիտակ, արխիվ

88-ի աղետից հետո, երբ բացվեց խորհրդային վարագույրը, Հայաստան օգնության հասնողների թվում նաև սեյսմոլոգներն էին։ Մասնագետները Սպիտակի երկրաշարժը համարում են ամենաուսումնասիրվածներից մեկը։

Երկրաշարժի էպիկենտրոնային գոտին ուսումնասիրել են ֆրանսիացի սեյսմոլոգները, այնտեղ երկրակեղևը 37 կմ բեկվել էր` մոտ 2,5 մետրով: Սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանն ասում, որ Սպիտակի երկրաշարժն առանձնահատուկ է, քանի որ միաժամանակ և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական տեղաշարժ է գրանցվել։

«Երբ օջախը խորը չէ, երկրի մակերեսին առաջանում են, այսպես կոչված, երկրաբանական հետևանքներ, բեկվածքներ, սողանքներ, ռելևֆում ճաքեր և այլն: Նույնը Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացել է էդ երեք տիպի երկրաբանական հետևանքները, ամենակարևորը, որը մասնագիտական տեսակետից շատ կարևոր է, երկրաշարժի ժամանակ առաջացած 37 կմ երկարությամբ բեկվածքն էր, որը և՛ ուղղաձիգ ամպլիտուդ է ունեցել մինչև 2,5 մետր բարձրությամբ, և՛ հորիզոնական տեղաշարժ, հորիզոնական տեղաշարժը առավելագույնը եղել է մինչև 1,5 մետր: Սրանք մասնագիտական տեսակետից խիստ կարևոր են, որովհետև սրանց միջոցով կարան որոշեն երկրաշարժի ուժը, օջախի խորությունը և այլն: Առավել խոշոր ռելևֆի փոփոխությունները եղել են Ձորաշեն գյուղի դիմաց, թեք լանջին, էս էպիկենտրոնն էր, որտեղ, որ երկրաշարժի ցնցումները առավել մեծ էին, որտեղ որ երկու խոշոր մասնագետներն ասում են սեյսմոգրավիտացիոն առաջացումներ կա, սողանքների նման բան են: Երկու միլիոն տոննա զանգվածը տեղաշարժվել է լանջով դեպի ներքև` թիկունքում առաջացնելով մինչև 25 մետր խորությամբ ձոր», - ասաց Նազարեթյանը:

Սեյսմոլոգը պատմում է, որ այդ օրը էպիկենտրոնում բեկվածքի հետևանքով տեղաշարժված հողային զանգվածի տակ մնացել է դաշտում հոտին արածացնող հովիվը:

«Հովիվը ոչխարների հետ երկրաշարժի ժամանակ մնացել էր էդ զանգվածի տակ, շունը փախել էր: Հետո գյուղացիները, որ եկել էին հովիվի մարմինը գտնելու, շունը թաթերով փորել գտել էր տեղը: Հոտի մեծ մասը մնացել էր հողի տակ», - պատմեց Սերգեյ Նազարեթյանը:

Ժամանակի ընթացքում բեկվածքը հողմահարվել է և խորությունը նվազել է, բայց ուժգին երկրաշարժի հետքերը դեռ մնում են: Նույն տարածքում իրարից ոչ հեռու 2 այլ բեկվածք էլ են հայտնաբերել, որոնք եթե ժամանակին ուսումնասիրվեին, ապա սեյսմիկ վտանգը յոթ բալլից ավելի գնահատված կլիներ:

«Նույն բեկվածքի մոտ տեսան ևս 2 բեկվածքի հետքեր ժայռերի մեջ․ մեկը՝ 2000 տարի առաջ, մյուսը՝ 1400 տարի առաջ, եթե չեմ սխալվում: Այսինքն՝ իրար մոտ էին դրանք, էդ օջախը նորություն չէր, եթե մենք մանրամասն ուսումնասիրած լինեինք, մեր երկրաբանները Սպիտակի օջախի մասին ինֆորմացիա կունենային և յոթը բալլ սյսմիկ վտանգը չէր դասվի: Հիմա Հայաստանի ամենաբարձր սեյսմակտիվ գոտին է 10 բալլանոց, իսկ այդ երկրաշարժի հետքերը, այդ 2000 տարի առաջ և 10000 տարուց ավելի առաջ, դրանք հուշում էին, որ էս ուժեղ օջախ է: Հիմա այդպիսի բաներին ուշադրություն դարձնում են և սեյսմիկ վտանգի Հայաստանի տարածքի նոր քարտեզ կազմելուց սրանք էական դեր են խաղում», - նշեց սեյսմոլոգը:

Հիմա ժամանակակից սարքավորումներով են գրանցվում երկրաշարժերը: Հայաստանում 16 կայան է տեղադրված: Սեյսմիկ սարքերի բաժնի մասնագետ Վանիկ Մկրտչյանը Կամո գյուղում տեղակայված կայանում ցույց տվեց, թե ինչպես են գրանցում ցնցումները:

«Այս կայանում հորատանցքի ամենախորքում տեղադրված են սեյսմիկ տպիչները: Կայանը ընդհանրապես ժամանակակից լավագույն աշխարհում ընդունված կայաններից մեկն է: Խորքում տեղադրված սեյսմիկ տպիչները ընդունում են երկրաշարժի ալիքները և այնտեղից փոխանցում են այս վահանակին, այստեղ տեղադրված է և՛ սնուցումը, և՛ թվայնացումը, և՛ հաղորդագրությունը: Ավտոմատ սեյսմիկ կայանը գրանցում է երկրաշարժը և օնլայն անմիջապես, անընդհատ հաղորդում է կենտրոնին», - ասաց Մկրտչյանը:

Սեյսմիկ կայաններից տեղեկատվությունը փոխանցվում է սեյսմիկ ծառայություն, որտեղ և մասնագետները մշակում են դրանք՝ որոշելով երկրաշարժի ուժգնությունն ու էպիկենտրոնը: Սեյսմոլոգիայի բաժնի ճարտարագետ Անժելա Մակարյանը ցույց տվեց, թե ինչպես է տեղի ունենում մշակման գործընթացը:

«Մշակողը գիտի, որ ինքը երկրաշարժի գրանցում է, այլ ոչ թե ինչ-որ ազդանշան, արդեն մենք գիտենք: Տալիս ենք սկզբնական ալիքի մուտքը, P ալիքի մուտքը առաջնային՝ որտեղ է եղել, տալիս ենք երկրորդ ալիքի մոտքը, S ալիքի մուտքը, այնուհետև համապատասխան գործողություններ կատարելով, փոխելով չափողականությունը, յուրաքանչյուր սարք իր գրանցման հաճախականությունն ունի, չափողականությունն ունի, տալիս ենք մաքսիմում ամպլիտուդայի չափը, որպեսզի կարողանա սարքը որոշել, թե ինչքան է մագնիտուդը», - ասաց Մակարյանը:

Քանի դեռ չկային համակարգչային մշակումները և ծառայությունը տեխնիկապես զինված չէր, երկրաշարժը գրանցվում էր թղթի վրա, իսկ ցնցման պահին ազդանշան էր հնչում: Վերջին ուժեղ երկրաշարժը Սպիտակի օջախային գոտում գրանցվել է այս տարվա սեպտեմբերի 10-ին՝ էպիկենտրոնում 6-7 բալլ ուժգնությամբ: Այժմ սեյսմիկ իրավիճակը հանգիստ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG