Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները և գործադուլները: Հանրությունը պահանջում է չեղարկել կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումը:
Գործադուլ են հայտարարել տրանսպորտի, բուժհիմնարկների, կրթական հաստատությունների և հանրային ու մասնավոր այլ սեկտորների աշխատակիցները:
Երեկ Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքներում երթերին և ցույցերին մասնակցել է ընդհանուր հաշվով ավելի քան 800 հազար մարդ: Տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանների հետ: Իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Նախագահ Էմանյուել Մակրոնի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է 40-ից ավելի տարբեր ծրագրերից:
Մինչդեռ, արհմիությունները ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պետք է դեկտեմբերի 12-ին հրապարակի բարեփոխման փաթեթը: