"РусГидро" ընկերությունը Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը վաճառել է «Տաշիր» ընկերությանը: Գործարքի արժեքը 173 միլիոն ռուբլի է: Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Տաշիր»-ի սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է:
Ավելի վաղ "РусГидро" ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն էր տվել գործարքին, իսկ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատարել էր կատարել առքուվաճառքի գործարքը:
Պայմանագրերը ստորագրել են ռուսական ընկերության դուստր ձեռնարկությունները: Ըստ երեկ երեկոյան տարածված մամուլի հաղորդագրության՝ «Տաշիր» խմբի մեջ մտնող «Հրազդան էներգետիկ ընկերության» հետ պայմանագիրը ստորագրել է "РусГидро"-ի դուստր ձեռնարկություն "Гидроинвест"-ը: Ըստ ստորագրված պայմանագրի՝ Սևան-Հրազան ՀԷԿ-երի կասկադի սեփականատեր «Միջազգային էներգետիկ ընկերությունը» վաճառում է իր բաժնետոմսերը «Տաշիր» խմբի մեջ մտող «Հրազդան էներգետիկ ընկերությանը»:
Պայմանագրի համաձայն՝ գնորդը ամբողջությամբ փակելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում, ինչպես նաև Ասիական զարգացման բանկում «Միջազգային էներգետիկ ընկերության» վարկերը: Վարկերը մարելուց հետո «Միջազգային էներգետիկ ընկերության» բաժնետոմսերը կփոխանցվեն գնորդին: "РусГидро"-ից էլ կհանվեն երաշխավորությունները, որոնք տրվել էին այդ բանկերից վարկեր վերցնելու համար:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ "РусГидро"-ի հանձնարարությամբ «Միջազգային էներգետիկ ընկերությունը» իր աշխատանքի ընթացքում Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը արդիականացնելու ներդումներ է կատարել: Մասնավորապես, Երևան ՀԷԿ-1-ը վերակառուցելու արդյունքում այդ հիդրոէլեկտրակայանի հզորությունն աճել է 10 տոկոսով: ՀԷԿ-ի կառավարումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, ինչը թույլ է տվել բարելավել հիդրոագրեգատների աշխատանքը և էլեկտրաէներգիա արտադրելու համար 4 տոկոսով կրճատել օգտագործվող ջրի ծավալները: Բարելավվել է կասկադի ՀԷԿ-երի անխափան ու անվտանգ աշխատելու ռեժիմը: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի իրականացումը բարձրացրել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների հուսալիության աստիճանը, նշված է ռուսական էներգետիկ ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Մեկ ամիս առաջ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ "РусГидро"-ն հեռանում է Հայաստանից: Այդ ընկերությունը Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը "Интер РАО"-ից գնել էր 2011 թվականին: Ըստ այդ հրապարակման, փորձագետների կարծիքով՝ Սևան-Հրազդան կասկադի գործարքը երկու կողմերի համար շահավետ կլինի՝ "РусГидро"-ն կազատվի պարտքերից, որոնք, ըստ թերթի աղբյուրների, մոտավորապես 55 միլիոն դոլար են կազմում, իսկ «Տաշիր»-ը կընդլայնի իր ներկայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում: