Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ


Աննա Հակոբյան (ձ) և Մեհրիբան Ալիևա
Աննա Հակոբյան (ձ) և Մեհրիբան Ալիևա

Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ է հրավիրում՝ մուղամ լսելու։ Տիկին Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մեր կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը», - հայտարարեց վարչապետի կինը:

Եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, Աննա Հակոբյանը պատրաստ է մեկնել Բաքու։ Վարչապետի կինը սակայն շեշտում է, որ եթե Ալիևան նպատակ ունի գալ Արցախ՝ պատերազմի միջոցով, դա անկատար երազանք է մնալու․ - «Դա ոչ միայն անկատար կմնա: Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»:

Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ըստ Աննա Հակոբյանի, Արցախում մուղամ լսելու ցանկության մասին գրել էր Թելեգրամի իր էջում՝ մասնավորապես գրելով, թե «Ադրբեջանի ժողովուրդը ընդամենը մեկ երազանք ունի՝ միասին լսել Ղարաբաղի շիկեստե Ղարաբաղյան հողում»:

«Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում ենք Ղարաբաղում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, դա խաղաղությունն է, դա Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և, որպես հյուր, փոխադարձ այցերն են: Ինչպես իրենք կարող են լինել Ղարաբաղում, թեյ խմել, մուղամ լսել և վայելել այնտեղի բնությունը, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդը, վստահ եմ, որ կուզենա լինել Բաքվում և այլ բնակավայրերում», - նշեց Հակոբյանը:

Վարչապետի տիկինը համոզված է, որ իր ասածն ամեևին էլ ֆանտազիայի ժանրից չէ. աշխարհի տարբեր երկրներ կարողացել են հաղթահարել թշնամությունը: Նա օրինակ է բերում եվրոպական երկրները։ Դրա համար, ըստ Հակոբյանի, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը «թոթափի պատերազմի մոլուցքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG