ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված լոնդոնյան գագաթնաժողովն այսօր սկանդալով է մեկնարկել: Պատճառը դաշինքի առանցքային անդամներից մեկի` Թուրքիայի ղեկավարների` ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ունեցած դժգոհություններն են:
Այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի տոնական գագաթնաժողովը կարող է ոչ այնքան տոնական ընթացք ստանալ, պարզ դարձավ այսօր կեսօրին` Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ Անկարայի օդանավակայանում կազմակերպված ասուլիսի ընթացքում: Լոնդոն մեկնելուց առաջ Էրդողանը չբացառեց, որ թուրքական պատվիրակությունը մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կարող է արգելափակել ռուսական սպառնալիքից Լեհաստանի և բալթյան երեք հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի հատուկ ծրագրի հաստատումը: Դա, ըստ Էրդողանի, տեղի կունենա, եթե ՆԱՏՕ-ի անդամները չընդառաջեն Թուրքիային քրդական հարցում:
«Ես անցած գիշեր հեռախոսազրույց եմ ունեցել Լեհաստանի նախագահի հետ: Նա առաջարկեց, որ մենք Լոնդոնում հանդիպում անցկացնենք Լեհաստանի և բալթյան պետությունների ղեկավարների հետ: Ես ասացի, որ մեծ հաճույքով կմասնակցեմ այդ քննարկումներին: Դրա հետ մեկտեղ ես զգուշացրել եմ` եթե ՆԱՏՕ-ի մեր բարեկամները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող կազմակերպությունները որպես ահաբեկչական կառույցներ չեն ճանաչում, ապա կներեք, Բալթիայի պաշտպանության ամրապնդմանն ուղղված դաշինքի ծրագրին մենք հավանություն չենք տա», - հայտարարում էր Էրդողանը:
Ակնկալվում է նաև, որ ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթնաժողոի ընթացքում առանձին հանդիպում տեղի կունենա Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում կրկին քննարկվելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը, մասնավորաբար իր սահմանի երկայքնով բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ջանքերը:
Լոնդոն մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը խոսում էր նաև Հյուսիսատլանտյան դաշինքի բարեփոխման անհրաժեշտության մասին` ակնարկելով, որ դաշինքի ներսում առկա տարաձայնությունների պատճառներից մեկը հնացած մոտեցումներն են:
«Ակնհայտ է, որ դաշինքը պետք է արդիականացվի: Մենք չենք կարող այսօրվա պահանջներին համահունչ գործել 50-ականների, 60-ականների, 90-ականների, անգամ 2000-ականների պատկերացումներով: ՆԱՏՕ-ն պետք է ավելի արդյունավետ, ակտիվ ու վճռական գործի, հատկապես ասիմետրիկ սպառնալիքներին բախվելու ընթացքում, մասնավորաբար, երբ դրանց աղբյուրն ահաբեկչական կազմակերպություններն են: ՆԱՏՕ-ի նորացումն անխուսափելի է, դաշինքը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի այժմեական սպառնալիքներին», - հայտարարում էր Էրդողանը:
Թուրքիայի հետ հարաբերություններին այսօր անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն դուր է գալիս, և ինքը կարողանում է լեզու գտնել նախագահ Էրդողանի հետ։
«Թուրքիան մի պետություն է, որի հետ ես լավ հարաբերություններ ունեմ: Մենք Թուրքիայի հետ մի համաձայնագիր կնքեցինք, որի հանդեպ բոլորը սկզբնական շրջանում շատ քննադատաբար էին տրամադրված: Վերջին օրերին, սակայն, ես մի շարք հոդվածներ կարդացի, որտեղ ասվում էր, որ այս համաձայնագիրն իրականում արդյունավետ էր: Ի վերջո, ես ցանկանում էի, որ մեր զինվորները դուրս գան այդ տարածաշրջանից, ես չէի ցանկանում, որ մեր զինծառայողները ոստիկանական գործառույթներ իրականացնեն մի սահմանի երկայնքով, որ արդեն երկու հազար տարի է, ինչ պատերազմի թատերաբեմ է: Դրա հետ մեկտեղ ես ցանկանում էի պահպանել վերահսկողությունը (սիրիական) նավթի հանդեպ», - ասում էր Դոնալդ Թրամփը: