Լիբանանահայ գործարարը 11 տարի առաջ Երևանի հայտնի՝ «Մոլոկանի» այգում 720 հազար դոլարով 1500 քմ տարածք է գնել, այսօր ցանկանում է տեղում շինարարություն սկսել, բայց թաղապետարանից արգելել են, նշելով, թե դա համայնքի հողն է:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը ցույց տավեց տարածքը, որտեղ թաղապետարանը հիմա կանաչապատում է իրականացնում, ու մանրամասնեց, տարիներ առաջ հողատարածքն ապօրինի կերպով է այգուց առանձնացվել:
«Ճանապարհի հատվածով գալիս է մինչև պարսպի հատված: Տրամադրվել է 2007 թվականի աշնանը, 10-րդ ամսով տրամադրվել է 1500 քառակուսի մետր տարածք, ապօրինի ձևով համայնքային կանաչ տարածքների կարգը փոխվել է բնակավայրերի և տրամադրվել է 1500 քառակուսի մետր հողատարածք, որից ում մասին, որ նոր շեշտեցիք նա եղել է երկրորդ գնորդը, այսինքն՝ ուղղակի վաճառքով 2007-ին է վաճառվել, 2008-ին արդեն, ում որ վաճառել են, նա ուրիշին է վաճառել», - նշեց Ղևոնդյանը:
«Ազատության» հարցին՝ հողի կարգն է ապօրինի փոխվե՞լ, թե՞ վաճառքն է ապօրինի եղել, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պատասխանեց․ «Այսպես ասեմ, քանի որ համայնքային կանաչ տարածքներ, պուրակներ, այգիներ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով ինքը այդ սահմանափակումների մեջ է, չէր կարող ուղղակի»:
Հողային օրենսգիրքն արգելում է համայնքին պատկանող տարածքում շինարարություն, կամ կառուցապատում իրականացնել: Բեյրութում բնակվող գրոծարար Հովիկ Մխիթարյանն «Ազատությանն» ասաց՝ 11 տարի առաջ է գնել հողատարածքը, սպասել է, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունանա ու բիզնես սկսի: Գործարարը տարակուսած է՝ ինչու՞ չի կարող օրինական փաստաթղթերով իրեն պատկանող սեփական տարածքում շինարարություն սկսել: Ասում է՝ պատրաստ է քաղաքին օգնել, բայց հարյուր հազարավոր դոլար է վճարել խնդրո առարկա դարձած տարածքի համար, ի՞նչ անի: Այժմ բանակցում է թաղապետարանի հետ, որ և՛ իր իրավունքը չխախտվի, և՛ քաղաքը չտուժի:
«Բավական մեծ գումար է, գնելու արժեքը ինչ էր այն ժամանակ, հիմա ինչ է: Հիմա իրենք արձանագրել են մոտ 500 հազար դոլարը, 11 տարի հողի տուրք վճարեցի, հանկարծ ինձ եկան ասեցին, որ «գիտես այս տարածքը համայնքին է պատկանում», ինչպես է պատահել, որ ինձ ծախվել է, հիմա ի՞նչ պետք է անեմ: Տրվել է ինձ տարածք, հանձնվել է գումար, տրվել է վկայական համապատասխան, ամեն ինչ օրինական է թղթաբանությամբ, հանկարծ 11 տարի անց այս բոլորը չեղյալ պետք է համարվի, իմ իրավունքը ո՞ւր պետք է մնա այս բոլորի մեջ, ես ի՞նչ սխալ եմ արել», - ասաց Մխիթարյանը:
Գործարարը տարածքը գնել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ղեկավարման տարիներին:
Զախարյանը, հիշեցնենք, այժմ նաև «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը չնչին գներով օտարելու գործով է անցնում: Սփյուռքահայ գործարարն ասում է՝ տարածքը գնել է Արմեն Գրիգորի Երիցյանից, բայց նրան անձամբ չի տեսել, պատմեց՝ չի տեսել նաև այդ տարիներին թաղապետ եղած Հովհաննես Շահինյանին:
Օրինական փաստաթղթերը ձեռքին սփյուռքահայ գործարարն ասում է՝ եթե տարածքը համայնքինն է եղել, թող իրավապահները պարզեն, թե ինչպե՞ս է այն իրեն վաճառվել:
«Արմեն Երիցյանին ինչպես է վկայական տրվել, որ այդ վկայականի հիման վրա ինձ է վաճառվել: Թե՛ համայնքի իրավունքը, թե՛ իմ իրավունքը պետք է հստականա», - ընդգծեց Հովիկ Մխիթարյանը:
«Որպեսզի քաղաքին պատկանող հողատարածքը հնարավոր լիներ վաճառել, սեփականաշնորհել, կամ տեղում շինարարություն իրականացել, նախկինում այդ հարցը լուծվել է տարածքներն ուղղակի հողային օրենսգրքի նշված հոդվածից հանելով», - պատմում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Խնդրո առարկա դարձած 1500 քմ տարածքն Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հանվել է այգու տարածքից, ասում է Հակոբ Կարապետյանը, հավելելով՝ դրանից հետո տարածքում ինքնակամ սրճարան է կառուցվել գործարարի նշած ոմն Արմեն Երիցյանի կողմից, որն, ըստ Հակոբ Կարապետյանի, նախկին թաղապետի օգնականն է եղել, այնուհետև հենց նա էլ սեփականաշնորհել է տարածքը, հետո դա վաճառելով լիբանանահային:
Դեռ հոկտեմբերին ոստիկանությունը հայտարարել էր, որ հենց այս՝ «Արաբկիր» զբոսայգու հողամասերի տրամադրման գործընթացում կոռուպցիոն չարաշահումների տվյալներ ունեն, գործն ուղարկված է Քննչական կոմիտե, որտեղից առայժմ մանրամասներ չկարողացան մեզ փոխանցել, ասացին՝ քննիչը գործուղման է:
Մի քանի օր շարունակ մեզ չհաջողվեց կապ հաստատել, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Ռոբերտը Քոչարյանի աջակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ, որպեսզի ուղղեինք գործարարին անհագստացնող հարցը՝ եթե տարածքը համայնքի սեփականությունն է եղել, ապա ինչպե՞ս են դա իրեն վաճառել: