Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մինչև 2016-ը նվիրվածությամբ պաշտպանել է այս ընտրական քաղցկեղը. ՍԴ դատավոր


Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանն այսօր «Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքը. ՍԴ կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը» վերտառությամբ հրապարակում է արել, որում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում 2003 թվականից մինչ 2016 թվականը ընտրողների ցուցակների հրապարակման արգելքի խնդրին։ Այդ հանգամանքն, ըստ ՍԴ դատավորի, «անվերահսկելիության դաշտ է բացել ընտրակեղծարարության համար»։

«Որպես Ցուցակների հրապարակայնության արգելքի հետևանք՝ միայն 2003-2016 թթ․ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում և հանրաքվեներում գործնականում երաշխավորված էր ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների քվեների հավելագրմամբ այդ քվեներն ընտրական համակարգը վերահսկող իշխանության կամ խմբի հայեցողությամբ օգտագործելու անսահմանափակ և անվերահսկելի հնարավորություն», - գրել է Գրիգորյանը։

ՍԴ դատավորը ծավալուն հրապարակման մեջ նաև նախագահական, խորհրդարանական ընտրությունների և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունն է ներկայացնում։ Գրիգորյանը նկատում է, որ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած ընտրողների մասնակցությունը կտրուկ աճել է, չնայած շարունակվող արտագաղթին։

Լուսանկարը՝ Վահե Գրիգորյանից
Լուսանկարը՝ Վահե Գրիգորյանից

Հեղինակն ընդգծում է, որ 12 տարի շարունակական արտագաղթի պայմաններում 2008 թվականին ընտրողների մասնակցությունը ոչ միայն չէր նվազել, այլև ավելացել էր 337․823-ով (հասնելով 1․671․027)։

«2013թ.-ի նախագահական ընտրություններում (1.521.489 մասնակցությամբ) 1996թ.-ի ընտրության ցուցանիշի համեմատ, շուրջ 17 տարի տևած շարունակական արտագաղթի պայմաններում, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցել էր 188.279 ընտրող ավելի։ Իսկ իր լարվածությամբ և մասնակցային գործոններով 2013թ․-ի նախագահական ընտրություններին գերազանցող 2018թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, 2013թ.-ի նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը եղել է 260.965 ընտրողով ավելի»։

ՍԴ դատավորը նկատում է, որ նույն օրինաչափություններն առկա են նաև խորհրդարանական ընտրություններում և հանրաքվեներում, երբ գործում էր ընտրողների ցուցակների հրապարակման արգելքը։

«Վերը նշված վիճակագրական անոմալիաների համակցությամբ՝ այս ամենը զանգվածային ընտրակեղծարարության մասին ամբողջովին հիմնավոր կանխավարկած է ձևավորել Հայաստանում հանրության մոտ առ այն, որ, վերահսկելով ընտրական վարչարարության համակարգերը վերից վար, օրվա քաղաքական իշխանությունն ընտրություններին (հանրաքվեներին) չմասնակցող անձանց պատկանող քվեները զանգվածայնորեն կեղծել է հօգուտ իր կամ իր հայեցողությամբ այլ ընտրության։ Եվ այս վտանգավոր միջոցի հնարավորությունն ուղղակիորեն առկա է եղել ընտրակեղծարարության զանգվածային բնույթի բացահայտման հիմնական խոչընդոտի՝ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ պայմաններում» , - գրել է Գրիգորյանը։

Ամփոփելով Գրիգորյանը եզրակացրել է, որ ընտրողների ցուցակների հրապարակման արգելքով 2003 թվականից մինչև 2016 թվականը հնարավորություն է ստեղծվել ընտրակեղծարարության համար, ըստ էության, այդ ամենում առնչություն ունենալու համար մեղադրանք հնչեցնելով Սահմանադրական դատարանի հասցեին։

«Փաստորեն, ՍԴ ձեռամբ 2003թ.-ից մինչև 2016թ.-ի Ընտրական օրենսգրքում Ցուցակների հրապարակայնության մասին դրույթների ընդունումը` դրանց հրապարակայնության արգելքի արդյունքում, ամենաբարձր հավանականությամբ, Հայաստանի ընտրական համակարգում առնվազն հիշյալ ժամանակահատվածում գործած զանգվածային ընտրակեղծարարության նկարագրված հնարավոր սխեմայի իրավական հիմքերի գլխավոր ճարտարապետը հանդիսացել է ՍԴ-ն, որը ոչ միայն հիմնել, այլ նաև՝ մինչև 2016թ.-ը նվիրվածությամբ պաշտպանել է այս ընտրական քաղցկեղը Հայաստանի ընտրական համակարգում»։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների հրապարակման արգելքն հանվել է 2016 թվականին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո։

Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ մեկ այլ գրառում էր արել, այս հրապարակումը երկրորդն է այդ թեմայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG