Մատչելիության հղումներ

Հայաստանի գրողների միությունը նշում է հիմնադրման 85-ամյակը


Մեկ ամիս շարունակ Գրողների միությունը տարբեր միջոցառումներով և հանդիսություններով նշանավորում է հիմնադրման 85-ամյա հոբելյանը:

Հոբելյանական միջոցառումները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք հանդիսությամբ:

Գրողների միության ճեմասրահում այսօր բացված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է մեզ ծանոթ ու հարազատ դեմքեր, ովքեր իրենց ներդրումն ունեն թե՛ հայ գրականության, թե՛ Գրողների միության զարգացման մեջ:

«Ազատության» հետ հարցազրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով միության 85-ամյա պատմությանը, ասաց, որ այն անխզելիորեն կապված է եղել մեր երկի պատմությանը՝ իր լավ ու վատ ժամանակահատվածներով, իսկ մեր գրականությունը ժամանակի սրտագիրն է․ - «Հենց սկզբնական շրջանից, հիշենք, շատ ջղաձիգ ժամանակ էր․ 1934 թվականին հիմնադրվելուն հետևած տարիներին՝ 35-37 թվականներին ծանր, մռայլ մթնոլորտ էր տիրում, ստալինյան այդ ծանր, բռնատիրական վիճակը: Եվ ցավալիորեն, ողբերգականորեն, մեր գրողները իրար դեմ երբեմն մատնագրեր էին գրում, և դրա հետևանքն այն եղավ, որ Ակսել Բակունցը սպանվեց, Չարենցը բանտում մահացավ, Թոթովենցը սպանվեց, Զապել Եսայանը․․․ շատ ցավալի էջեր է ապրել միությունը: Բայց նաև հետագայում Իսահակյանի, Դեմիրճյանի հզոր ներկայությունը իրենց շուրջը հավաքեց այն լավ, տաղանդավոր մարդկանց: Պատերազմից հետո էլ Իսահակյանը, լինելով նախագահ, արդեն որոշակի շունչ հաղորդեց՝ դասական, մարդկային, գրողական հարաբերություններ: Եվ եկավ արդեն Պարույր Սևակենց սերունդը, ջահել տղերք էին նրանք 30-ականների վերջերին, ապա պատերազմից հետո նոր արդեն նրանք մտան գրականություն: Շիրազը, Սևակը, Էմինը, Սիլվան, Հրաչյա Հովհաննիսյանը, Համո Սահյանը»:

Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ գրողների սերնդափոխը, բարեբախտաբար, երկար տասնամյակներ չի ընդհատվում․ - «Մենք կարող ենք հիշել շերտ-շերտ․ ձնհալի տարիների՝ 60-ական թվականների երիտասարդ արձակագիրներինը՝ Հրանտ Մաթևոսյան, Զորայր Խալափյան, Աղասի Այվազյան, Մուշեղ Գալշոյան, Մանուկ Մնացականյան, Ռուբեն Հովսեփյան, կարող եմ շատ հիշել: 60-ական թվականներին «Գարուն»-ի ներկայությունը մի գեղեցիկ ալիք հաղորդեց մեր պոեզիային՝ Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Գրիգորյանը․ Դավիթ Հովհաննեսը, Արմեն Մարտիրոսյանը, հետագայում Սամվել Կոսյան, Ղուկաս Սիրունյան, Հրաչիկ Թամրազյան, Հրաչյա Բեյլերյան, Թաթևոս Տոնոյան, Ավագ Եփրեմյան․․․ գրողներ, որոնք պատկառելի գործ են արել»:

Հայաստանի անկախությունը բերեց իր գրականությունը, իր հեղինակներին և հենց այս ժամանակաշրջանն է, որ բերեց ամենակարևորը գրողին, արվեստագետին՝ ստեղծագործական բացարձակ ազատություն․ - «Մեր այսօրվա գրականությունը ավելի մոտ է կյանքի, ժամանակի ճշմարտությանը, քան երբևէ եղել է: Այս 30 տարվա մեջ մեր գրողներն ազատ են իրենց գրվածքի, իրենց լեզվամտածողության, թեմատիկայի․․․ Գրողը ազատ իր գրչի տերն է, իր տաղանդը ի ցույց դնելու, ներկայացնելու բոլոր հնարավորությունները ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG