Մատչելիության հղումներ

BBC-ն հետաքննություն է ներկայացրել Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի զինծառայողների զանգվածային խոշտանգումների մասին


Զինվորական հոսպիտալ Ադրբեջանում, արխիվ
Զինվորական հոսպիտալ Ադրբեջանում, արխիվ

BBC-ի ռուսական ծառայությունը հետաքննական նյութ է հրապարակել Ադրբեջանի բանակում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 2017-ին հարուցված քրեական գործերի մասին։

Սրանց մեջ նշված է, որ 9 մարդ խոշտանգումների հետևանքով մահացել է, տասնյակ ձերբակալվածներ ենթարկվել են կտտանքների, հայրենիքի դավաճանության մեղադրանքով 25 մարդ դատապարտվել է երկարատև ազատազրկման: Դատավարություններն անցկացվել են դռնափակ: Իրավապաշտպանների հավաքած տվյալներով՝ ձերբակալվել ու խոշտանգումների է ենթարկվել ավելի քան 100 սպա ու զինվոր:

2017-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ զինծառայողներ են ձերբակալվել Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:

BBC-ն նշում է, որ 2017-ին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հանրությունը տեղեկացել է միայն 2019-ին, երբ աստիճանաբար բացվել են այդ գործի մանրամասները:

Գործերի բացահայտմամբ զբաղվող իրավապաշտպան Օքտայ Գյուլալիևը այս տարվա հոկտեմբերի 29-ին Բաքվի կենտրոնում ենթարկվել է ավտովթարի. հետիոտների համար նախատեսված անցումի վրա նրան մեքենա է հարվածել: Ծանր վնասվածքներ ստացած իրավապաշտպանը մինչև հիմա գիտակցության չի գալիս: Նա գտնվում է կոմայի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG