Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաղորդում է, որ արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև Պետական եկամուտների կոմիտեից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կողբավանի վարչական տարածքում գտնվող Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասում, նախկինում շահագործված հանքավայրում 2019 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին ՍՊ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի, արդյունահանվել է 1824 խմ՝ 45.6 մլն դրամի տուֆի զանգված: Դրանով էական վնաս է պատճառվել ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, ասված է հաղորդագրությունում:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: