Մատչելիության հղումներ

Հայաստանն աննախադեպ աճ է արձանագրել աշխարհի բարեկեցիկ երկրների շարքում


Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, արխիվ
Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, արխիվ

Հայաստանն անցած տարի էականորեն բարելավել է դիրքերը աշխարհի բարեկեցիկ երկրների շարքում: Լոնդոնում գործող «Լեգատում» վերլուծական կենտրոնի ամենամյա զեկույցը փաստում է՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը միանգամից 7 կետով աճ է արձանագրել՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Ընդ որում, հեղինակավոր կենտրոնի փորձագետները փաստում են՝ տասը տարի շարունակ իրականացվող այս հետազոտության ընթացքում Հայաստանը երբեք նման բարձր ցուցանիշ չի ունեցել:

«Լեգատում»-ի փորձագետները այս եզրակացությանը հանգել են՝ դիտարկելով իրավիճակը 12 տարբեր ոլորտներում՝ անվտանգությունից, մարդու ազատություններից ու կառավարման որակից մինչև բիզնես միջավայրի գրավչություն ու շրջակա միջավայրի պաշտպանություն: Ըստ այդմ, Հայաստանը ներառվել է աշխարհում առաջընթացի ամենաշատ հույսը ներշնչող երկրների շարքում՝ կայուն աճ արձանագրելով գրեթե բոլոր ցուցիչներով: Լավագույն արդյունքը կրթական ոլորտում է, որտեղ Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է: Նույնքան բարեկեցիկ է գնահատվել նաև ներդրումների միջավայրը՝ այս ցուցիչով Հայաստանը երկրորդն է Վրաստանից հետո, բայց շատ ավելի առաջ է նախկին Խորհրդային Միության մյուս բոլոր երկրներից:

Տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև սոցիալական կապիտալի ոլորտում, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրում որքան է կուռ ու համախմբված հասարակությունը, որքանով են մարդիկ վստահում ու աջակցում միմյանց: Այս ցուցիչով ևս Հայաստանն այս տարի առաջինն է ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ նախկին Խորհրդային Միության երկրների շարքում:

Փաստելով, որ Հայաստանը դասվել է աշխարհում ամենանկատելի առաջընթացն արձանագրած երկրների շարքում, «Լեգատում»-ն այս զարգացումը կապում է անցած տարվա Թավշյա հեղափոխության հետ: «Այդ երկրում կառավարության հանդեպ վստահությունը ավելի քան կրկնապատկվել է», - փաստում է զեկույցը, մանրամասնելով՝ եթե 2018-ին Հայաստանում իշխանությունները վայելում էին միայն 25 տոկոսի վստահությունը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 67 տոկոսի: Ըստ այդմ, կառավարման ոլորտում, որը գնահատում է իշխանության արդյունավետությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, հարգանքը օրենքի գերիշխանության նկատմամբ, այս տարի Հայաստանը առաջ է անցել նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներից՝ բացառությամբ Վրաստանի: Զեկույցը փաստում է, որ այս ցուցանիշը շատ կարևոր է ոչ միայն հասարակության բարեկեցության, այլև՝ բիզնես միջավայրի և տնտեսական աճի համար:

Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծական կենտրոնի, աշխարհում բարեկեցության մակարդակը անցած տասը տարիներին շարունակել է աճել, մյուս կողմից՝ լավագույնների ու վատագույնների միջև անդունդն է՛լ ավելի է խորացել՝ բարեկեցիկները դարձել են առավել բարգավաճ, աղքատները՝ է՛լ ավելի թշվառ:

Ըստ այդմ, աշխարհում ամենաբարեկեցիկ երկրներն են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Շվեդիան և Ֆինլանդիան, ցուցակի ետնապահներն են Աֆղանստանը, Եմենն ու Սուդանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG