Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց դատախազ Բիշարյանին բացարկ հայտնելու՝ Քոչարյանի և մյուսների միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հերթական անգամ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների միջնորդությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց միայն որոշման եզրափակիչ մասը, ըստ որի Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործի քննությունից չի հեռացնի դատախազ Կարեն Բիշարյանին։

Այսօր դատարան էր եկել դատախազ Կարեն Բիշարյանը, որն այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող։ Մարտի 1-ի գործի նախաքննության ժամանակ Բիշարյանն այս գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն էր։

Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց՝ դեռևս իշխանափոխությունից առաջ 2018-ի փետրվարի 23-ին ԱԺ-ում նույն այս դատախազը տրամագծորեն հակառակ պնդում էր արել և հայտարարել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտություն չկա։

«Կոնկրետ պարոն Բիշարյանը դրսևորում է իրարամերժ դիրքորոշում և հենց սա է, որ հիմք է տալիս պնդելու, որ դատախազ Բիշարյանը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ ընկալվել որպես անկողմնակալ, եթե կլինի հիմա կամ կլինի նախկինում, իր գործողությունները կարող են պայմանավորված լինել քաղաքական իշխանության առկայությամբ», - նշեց Խուդոյանը:

Բիշարյանը դեռ նախքան հեղափոխությունը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր․ «Անձանց հարցաքննությունը ինքնանպատակ չի կարող լինել, անձանց հարցաքննության համար պետք է պարզման ենթական որոշակի տեղեկություններ ստանալու անհրաժեշտություն լինի: Քննության ներկա փուլում նման անհրաժեշտություն չկա, մինչ այս փուլը չի եղել»:

Հենց այս հանգամանքն էլ Քոչարյանի փաստաբանները դրել են իրենց միջնորդության հիմքում և պնդում են՝ այս դատախազը կանխակալ վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հարցրեց՝ այդ ի՞նչ փոխվեց 4 ամիս անց, երբ դատախազի այդ հայտարարությունից հետո արդեն ամռանը նախկին նախագահը դարձավ մեղադրյալ։

«Ի՞նչ փոխվեց 4 ամիս 10 օրվա ընթացքում դատախազության ամբողջ համակարգում սկսած վերից մինչև վար, գլխավոր դատախազից մինչև ներքև, ինչո՞ւ եմ գլխավոր դատախազին հիշատակում, որովհետև գրություն է ուղարկված եղել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել որպես վկա, դատախազությունը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա», - ասաց Սահակյանը:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ևս հայտարարեց այս մասին: «Դատախազը քաղաքական պատվեր է կատարել», - ասաց։ Նրա այս խոսքից հետո փորձեց առարկել դատախազ Պետրոս Պետրոսյանը, ինչը հանգեցրեց լեզվակռվի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը թե՛ դատախազ Պետրոսյանին, և թե՛ փաստաբան Միհրան Պողոսյանին նկատողություն հայտարարեց։

Ելույթներով հանդես եկան դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները՝ առարկելով Քոչարյանի և մյուսների փաստաբաններին։

Մարտի 1-ի 9 զոհերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց․ «Եթե ենթադրենք քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով այդ առաջնահերթությունները համապատասխան հարցի վերաբերյալ հանձնարարականները կամ միգուցե այդ քաղաքականության բովանդակությունը փոփոխության է ենթարկվել, դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, դա կոչվում է պետության քրեական քաղաքականության վերանայում, ենթադրենք, քրեական քաղաքականության բովանդակության փոփոխություն, դրա իրականացման ուղղությունների առաջնահերթությունների փոփոխություն, ինչպես, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունն է: Կախված տարբեր ժամանակահատվածներից տնտեսական, քաղաքական, միգուցե աշխարհագրական խնդիրներով պայմանավորված պետությունները համապատասխան փոփոխություններ են կատարում իրենց տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների, որոնց իրագործումը իրականացվում է օրենքի հիման վրա»:

Դատախազ Կարեն Բիշարյանն իր բացատրությունն ուներ այս հարցի վերաբերյալ․ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչի՞ չորս ամիս 10 օր կամ ես չգիտեմ ժամանակագրական առումով չեմ հիշում, ի՞նչ փոխվեց, շատ պարզ բացատրություն ունի այդ հարցը՝ փոխվեցին գործով ձեռք բերված փաստական տվյալները: 0038 հրամանի վերաբերյալ ակնարկ արվեց, իմ գործընկերը դրան անդրդարձավ, ժամանակին այդ դատական ակտը, որ կայացվել է դատական ակտի քննության արագացված կարգի կիրառմամբ է դատական ակտ կայացվել և էդ 0038 հրամանը ամբողջությամբ գաղտնազերծված չի եղել, այսինքն հրամանի բովանդակային այն մասերը, որոնք բեկումնային և ելակետային նշանակություն ունեն այս օրվա դատարանում քննվող քրեական գործով մեղադրանքի համար, էդ գործով կոնկրետ անձի դատապարտման ժամանակ դրանք հրապարակված փաստական հանգամանքներ չեն եղել»:

Դատական հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 3-ին։

XS
SM
MD
LG