Երեկ վախճանվել է խորհրդային լեգենդար հետախույզ, խորհրդային ամենահայտնի հետախույզներից մեկի՝ Գևորգ Վարդանյանի այրին՝ Գոհար Վարդանյանը:
Լեգենդար հետախույզը 93 տարեկան էր: Նրա մահվան մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի գրասենյակը, լուրին անդրադարձել են ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան: 16 տարեկանում Գոհարը միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին Թեհրանում: 1943-ին Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել էր անվտանգությունը Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին, հիշեցնենք, պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:
Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին մի շարք վավերագրական ֆիլմեր են նկարահանվել Մոսկվայում:
Թեհրանում տեղի ունեցած իրադարձությունները միայն մեկ դրվագն է Վարդանյանների հարուստ կենսագրությունից: Ինչպես փորձագետներն են ասում, հետախույզ ամուսինների աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալի են, որ դրանք երբեք չեն գաղտնազերծվելու:
1951-ին Վարդանյան զույգը տեղափոխվել էր Խորհրդային Միություն՝ Երևան, որտեղ նրանք սովորել են Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: 1956-ից նրանք աշխատել են որպես հետախույզներ տասնյակից ավելի երկրներում:
1986-ին զույգը վերադարձել էր Խորհրդային Միություն: Կար մտավախություն, որ դավաճանության հետևանքով նրանք կարող են բացահայտվել:
Գևորգ Վարդանյանը, հիշեցնենք, մահացել է 2012-ին:
Արդեն հայտնի է, որ Գոհար Վարդանյանին կհուղարկավորեն «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանատանը՝ ամուսնու կողքին: